Մինչ Ֆարմանյանի արձակուրդից վերադառնալը՝ պաշտպանները կբողոքարկեն որոշումները
«Անահիտ Ֆարմանյանը արձակուրդի ավարտից հետո կվերադառնա Հայաստան և կմասնակցի դատավարական գործընթացներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Անահիտ Ֆարմանյանի շահերի պաշտպան Նարեկ Ավոյանը։
Նա նշեց, որ մինչ այդ իրենց բողոքարկելու են ինչպես կալանավորման մասին որոշումը, այնպես էլ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու որոշումը։
Ասուլիսին ներկա Ֆարմանյանի մյուս փաստաբանը՝ Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց. «Օգոստոսի 8-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով, ինչը խարդախությունն է առանձնապես խոշոր չափերով, նույն օրը տիկին Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և քննիչը կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դիմել է դատարանին, հաջորդ օրը, օգոստոսի 8-ին դատարանը նշված միջնորդությունը բավարարել է։ Նշված հանգամանքների մասին Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև ես, տեղեկացված չենք եղել, և նշված պրոցեսներն ընդհանուր խնդրահարույց են և մեր անհանգստությունն է առաջացրել»։
Նարեկ Ավոյանը հավելեց. «Մենք բազմիցս ենք խոսել, որ քրեական հետապնդումները, հատկապեսմ, երբ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, պետք է լինեն հնարավորինս թափանցիկ, որպեսզի և հանրության մոտ, և հետապնդման ենթակվող անձանց մոտ չլինի մտայնություն, որ սա պարունակում է քաղաքական հետապնդման էլեմենտներ։
Անահիտ Ֆարմանյանի գործի հետ կապված պետք է արձանագրենք հետևյալը, որ երբևէ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու դեպք չի արձանագրվել, ավելին Անահիտ Ֆարմանյանը մեկնել է ամենամյա արձակուրդ, ինչի մասին տեղեկացված է եղել վարույթ իրականացնող մարմինը, նա կապի մեջ է եղել Ֆարմանյանի հետ փաստաբանի միջոցով, և ներկայիս պնդումներն առ այն, որ կա քննության մարմնից թաքնվելու ռիսկ, մենք համարում ենք, մենք համարում ենք անհիմն»։
Լրագրողների հարցին, թե հիմա որտեղ է Ֆարմանյանը, փաստաբանը պատասխանեց՝ արձակուրդում է, դեռ չի վերադարձել։
«Արձակուրդը վերջանում է օգոստոսի վերջին, ինչի մասին ես տեղյակ եմ պահել վարույթն իրականացնող մարմնին, նույնիսկ հայտնել եմ, որ նա ավելի վաղ է վերադառնալու արձակուրդից, սակայն որևիցե անհրաժեշտության մասին, շուտ վերադառնալ, մասնակցել դատավարական գործողությունների, նման առաջարկ կամ պահանջ մեզ չի հայտնվել»,- նշեց փաստաբան Խուդոյանը:
Նրա խոսքով՝ տարածված հաղորդագրությունների միջոցով փորձվել է հասարակության մեջ տպավորություն ստեղծել, որ Ֆարմանյանը թաքնվում է քննությունից, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Անահիտ Ֆարմանյանի շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական գրասենյակը նաև հայտարարություն է տարածել, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «Հետապնդման պատճառը ազգանունս է»՝ Անահիտ Ֆարմանյան
- Հետախուզում է հայտարարվել Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ