Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձի լքել երկիրը, դա կգնահատվի նախաքննությունը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անթույլատրելի է համարում այլոց գործունեությունն «անգրագիտություն» որակելը: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ՀՔԾ-ի հայտարարությանը «իրավական անգրագիտություն» որակմանը: Մասնավորապես, ՀՔԾ-ն նշել էր, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է, վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից»:
«Յուրաքանչյուր մարդու դաստիարակության մակարդակից է կախված հայտնված կարծիքի երանգը: Օրինակ՝ ես երբեք թույլ չեմ տա մյուս իրավաբանի դրսևորած գործունեությունը որակել որպես անգրագիտություն, ինչպես անում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Ես ընդամենը բնորոշել եմ, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն ապօրինի է, և պատկերացրեք, որ այդ բնորոշումը շատ մեղմ է»,- նշեց Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը հույս հայտնեց, որ գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությունը:
«Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի լքել երկիրը: Այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, ու կկիրառվի խափանման միջոց»,- հայտնեց Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետն անդրադարձավ նաև ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Ալեքսանդր Ազարյանին՝ նշելով, որ նա դատական նիստի ժամանակ հայտարարել է՝ աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, նաև հայտարարել է, որ թեև աշխատել է, սակայն կաշկանդվածություն չունի այս գործի քննության հետ կապված: Ըստ նրա՝ այդ փաստը, որ Ազարյանն աշխատել է երկրորդ նախագահի հետ, խնդիր չէ, եթե չլիներ մեկ այլ հանգամանք:
«Իմ խորին համոզմամբ, նա պետք է ինքնաբացարկ հայտներ, որովհետև Մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ՝ այնպիսի ձևակերպումներով, որոնցով մարդիկ դատապարտվել են: Պարոն Ազարյանը, 10 տարի առաջ մոտ մեկ տասնյակ դատավճիռներ է արձակել, որոնցում խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, մասսայական անկարգությունների մասնակիցներ: Այսինքն՝ նա այդ ինֆորմացիայի, համոզմունքի կրողն է, և այդ պայմաններում պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել: Եթե չէր հայտնում, պարտավոր էր բարձրաձայնել, որ կայացրել է այդպիսի դատավճիռներ, որից հետո համոզված եմ, որ դատախազության ներկայացուցիչներն ինքնաբացարկի միջնորդություն կանեին, և նիստին մասնակցող ՀՔԾ քննիչները, որոնք նման լիազորություն չունեն, գոնե որոշակի հայտարարությամբ հանդես կգային»,- նշեց Սասուն Խաչատրյանը:
Միաժամանակ, ՀՔԾ պետն ասաց, որ այսօր ստեղծված է մի իրավիճակ, երբ Ալեքսանդր Ազարյանը, Վերաքննիչ դատարանի նախագահի՝ արձակուրդում գտնվելու պայմաններում իրականացնելով ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթ, սույն քրգործը մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ ինքն այս գործով նման ձևակերպումներով բազմաթիվ մարդկանց է դատապարտել, չի հայտնել, որ արդեն իսկ ունի կանխակալ վերաբերմունք այս գործի, այդ դեպքերի վերաբերյալ և որոշում է կայացրել:
Սասուն Խաչատրյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշումն ապօրինի էր, քանի որ ոչ լեգիտիմ կազմի, բացարկման ենթակա դատավորի կողմից է կայացվել, երկրորդ՝ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմանից, այսինքն՝ պետք է քններ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, պետք է հստակ երկու հարցի պատասխաներ՝ առկա՞ է արդյոք հիմնավոր կասկած, այսինքն՝ կալանավորման պայմանը և առկա՞ է արդյոք կալանավորման հիմքը:
«Դատավորը կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն առաջադրված մեղադրանքի բովանդակության և այդ հոդվածով հանցակազմերի միջև»,- նշեց ՀՔԾ պետը:
Սասուն խաչատրյանը նաև հայտնեց, որ դատարանն արդեն 6 օր է որոշումը չի ուղարկել, ինչը տարօրինակ է:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, կդիմենք ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
- Որքան Ռոբերտ Քոչարյանին գործի հետ կապված քիչ հարցեր տրվեն, այնքան ավելի քիչ խնդիրներ կառաջանան. փաստաբան
- Ռոբերտ Քոչարյանը նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
- Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
- Ես պնդում եմ՝ նախաքննության շահերից է բխում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. ՀՔԾ պետ
- Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան