Կարծում եմ՝ իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին. Արթուր Վանեցյան
Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը կառաջադրի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ֆուտբոլային բարձրագույն լիգայի 9 թիմեր միաձայն առաջարկեցին և պաշտպանեցին իմ թեկնածությունը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն և կհայտարարեն նոր ընտրությունների մասին, այդ ժամանակ, կարծում եմ, որ կառաջադրվեմ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա վստահեցրեց, որ ՀՖՖ նախագահ լինելը չի խանգարի իր աշխատանքին. «Ֆուտբոլի ֆեդերացիայում հիմնական աշխատանքը իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները, ես ակտիվ մասնակցություն եմ ունենալու, և կարծում եմ, որ իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին»:
Անդրադառնալով պայմանավորված խաղերին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ կարող է հստակ ասել՝ պայմանավորված խաղերը բացառելու են: