Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից. Համլետ Պետրոսյան
Արցախի Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հայտնաբերել է մեծ եկեղեցու քիվի ատամ «Բ» երկաթագրի փորագրությամբ։
«Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից։ Մեծ եկեղեցու քիվի ատամ «Բ» երկաթագրի փորագրությամբ։ Եթե նկատի առնենք, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի վերջերին, այն հայերեն արձանագրի ամենավաղ վկայություններից է Արցախում։ Հավանական է, որ այն եկեղեցու ճարտարպետի անվան սկզբնատառն է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը «Արցախպրես»-ին ասել էր, որ Արցախի հնագիտական արշավախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հյուսիսային պատի մոտ հայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ։
Տիգրանակերտում պեղումները վերսկսվել էին հուլիսից։ Համլետ Պետրոսյանը նախքան այս տարվա պեղումների մեկնարկը Panorama.am-ին ասել էր, որ Տիգրանակերտի տարածքը կազմում է 70 հեկտար, պեղված է այդ տարածքից 1,8-1,9 հեկտարը։