Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը
Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած՝ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ի ներկայացված հայտը բավարարելու մասին» որոշման մեջ:
Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ներմուծել լրացուցիչ ապրանքներ, որոնք հայտի ներկայացման պահին ցանկում ներառված չեն եղել:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս կարգի նախագծեր կառավարության գրեթե ամեն նիստին քննարկվում է:
«Ես հույս ունեմ, որ այս ուղերձը մեր տնտեսական դաշտում հստակ ընկալվում է, և սա նշանակում է, որ նոր սարքավորումներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ արտադրանքի ծավալներն ընդլայնելու համար: Մենք հավանաբար առավել քան շահագրգռված ենք, որ Հայաստանում բիզնեսն աշխուժանա, և դրա միտումները կան: Հույս ունենք, որ մենք կառավարության գործունեության համատեքստում նոր ուժ, նոր թափ կտանք ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը, և տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները ոչ միայն չեն խոչընդոտի այդ պրոցեսին, այլև, հակառակը, առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն»,- նշել է վարչապետը: