Ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համասեռամոլների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշեց, որ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ չի տեսնում։
Հարցին՝ պատշա՞ճ էր ոստիկանության պաշտպանվածությունը, և նրանց կաշկանդող որևէ բան չկա՞ր, ոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա և կարող է պաշտպանել և իրեն, և ՀՀ քաղաքացիներին։ Դա չի նշանակում, որ եթե մեկ-երկու քաղաքացու նկատմամբ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն, իսկ նրանք օգտվելով առիթից մուտք են գործել ոստիկանության բաժին, կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը թույլ է։ Այդպիսի բան չկա, ոստիկանությունը եղել է և կա ուժեղ, և որևէ մեկը չմտածի, որ կարող է ներխուժել ոստիկանության ցանկացած բաժանմունք: Նա կստանա օրենքի ուժով համապատասխան գնահատական»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, «աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել ենոստիկանության բաժին՝ մարմնական վնասվածքներ պատճառել ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանները կարգի են հրավիրել ոստիկանության բաժին ներխուժածներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն ներխուժելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
- Ոստիկանություն. Աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանություն