Եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, կդիմենք ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
«Դատարանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման հիմք է ընդունել վերջինիս անձեռնմխելիությունը, սակայն իմ գնահատմամբ, մյուս երկու հիմքերը ոչ պակաս կարևոր էին այդ հարցում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Այդ պատճառով պաշտապանական թիմը քննարկեց վճռաբեկ բողոք բերելու անհրաժեշտությունը, որպեսզի այդ երկու հիմքերը Վճռաբեկ դատարանում դառնան քննարկման առարկա։ Հիմքերից մեկին չեմ կարող անդրադառնալ՝ առանց նախաքննական գաղտնիքը շոշափելու, դրա համար թույլ տվեք չանդրադառնալ։ Իսկ մյուս հիմքը հետևյալն է. մեղադրանքի մեջ այսպիսի բան կա, որ մարտի 1-ի նախագահի հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը եղել է հակասահմանադրական։ ՀՔԾ-ն իրավունք չունի նման բան ասել, և Առաջին ատյանի դատարանն էլ իրավունք չուներ նման բան ասել, որովհետև նախագահի հրամանագիրն ապօրինի կարող էր ճանաչվել միայն ՍԴ որոշմամբ․ սա մեր բողոքի մնացած հիմքերից մեկն է»,- ասաց փաստաբանը։
Լրագրողներն Ալումյանից հետաքրքրվեցին՝ վերաքննիչ դատարանում ինչ փաստարկներ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյնաը և ինչ անդրադարձ է կատարել 0038 հույժ գաղտնի հրամանին։
«ՀՔԾ-ն ընտրում է մի առանձին հատված, որն առանձին վերցրած՝ կարող է դեպի Քոչարյանը բացասական տրամադրություններ արթնացնել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի ելույթից մի հատված բերելով՝ նշեմ, որ նա ասել է՝ ինքը չէր կարող թույլ տալ, որ լարված իրավիճակում հայտնվեն ըմբոստ գեներալներ։
Ռոբերտ Քոչարյանը ընդամենը հանձնարարել է անել ամեն ինչ, որպեսզի բանակը չխառնվի քաղաքական գործընթացներին։ Առավել կայուն զինվորներից որոշակի խմբեր ստեղծելը նպատակ ուներ կանխելու բանակի հնարավոր մասնակցությունը գործընթացներին։ Պետք էր ունենալ մի կորիզ, որը ոչ մի պարագայում չէր մտնի քաղաքական գործընթացների մեջ։ 0038 որոշման մեջ ընդհանրապես ոչինչ ասված չէր բանակի կիրառման մասին»,-նշեց բանախոսը։
Հարցին, հավաստի՞ են տեղեկությունները, որ չկայացած ասուլիսի ժամանակ Քոչարյանը պատրաստվում էր հայտարարել քաղաքականություն վերադառնալու մասին, Հայկ Ալումյանը նշեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։ Նա միաժամանակ նշեց, որ վստահորդը չի պատրաստվում լքել երկիրը, այս պահին Երևանում է, այս առումով որևէ մտավախություն չկա։
Իսկ կա՞ կրկնակի կալանավորման հավանականություն, հետաքրքրվեցին լրագրողները, ինչին ի պատասխան՝ Ալումյանը նկատեց, որ կանխատեսումներ անել չի կարող, սակայն եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել իր պաշտպանյալին, իրենք կդիմեն ՄԻԵԴ։
Ամփոփելով՝ փաստաբանը շեշտեց, որ քրեական գործը պետք է պարզի՝ ովքեր են մարտի 1-ին կրակել, ովքեր են եղել նրանց զենք և հրաման տվողները և ովքեր են եղել կրակելու հրաման տվողներին հրաման տվողները։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ. Հրանտ Մարգարյան
- Որքան Ռոբերտ Քոչարյանին գործի հետ կապված քիչ հարցեր տրվեն, այնքան ավելի քիչ խնդիրներ կառաջանան. փաստաբան
- Ռոբերտ Քոչարյանը նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
- Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց
- «Ժողովուրդ». Քոչարյանն ազատ արձակվեց, բայց շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում
- ՀՔԾ-ն ապօրինի է համարում Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը
- Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան