Երևանի ավագանու ընտրությունները պետք է լինեն բացառիկ, իսկ ընտրակեղծարարների խմբերն այստեղ անելիք չունեն. վարչապետ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու որոշումը:
Գործադիրի նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից հրապարակած օրը Երևան համայնքում կնշանակվեն ու կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: «Հրապարակումից 30-ից 40-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նշանակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը»,- ասաց նախարարը:
«Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես և բարոյահոգեբանորեն պատրա՞ստ է անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները»,-հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց՝ ԿԸՀ-ն տեխնիկապես պատրաստ է ընտրությունների անցկացմանը, նրա կարծիքով՝ պատրաստ է նաև բարոյահոգեբանական առումով:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ներկայիս կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են:
«Հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարութան համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունն ու օրինականությունն ապահովելը:
«Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված` ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի և սա ապահովելը կառավարության պարտավորությունն է:
«Իհարկե ես համոզված եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ կլինի: Հույս ունեմ, որ որևէ մեկը՝ նկատի ունեմ հայտնի խմբերին ու շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, իսկ եթե կտրվի` իր ընտրությունն է, այդ դեպքում ՀՀ օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ ու պետական մարմինները», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան