Զեյնալյան. Կրկնապատկվել են ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմը նախօրեին հանդիպմանը քննարկել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակում «Աբովյան», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում օտարերկրյա դատապարտյալների համար ներդրված տեսազանգի հնարավորությունը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրանք նշել են, որն դրական արդյունք է գրանցվել և առաջիկայում նախարարության հետ համագործակցությունը շարունակելով՝ տեսազանգից օգտվելու հնարավորություն կներդրվի նաև այլ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև կընդլայնվի այդ միջոցից օգտվող դատապարտյալների շրջանակը:
Այս համատեքստում Արտակ Զեյնալյանը ընդգծել է նաև, որ ընտանիքի հետ կապի ամրապնդման նկատառումներով կրկնապատկվել է ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները, իսկ համապատասխան պայմանների ապահովման դեպքում կվերանայվի նաև երկարատև տեսակցությունների քանակը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզի սահմանամերձ 18 համայնքներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ իրականացվող ծրագրերին և դրանց ընթացակարգերին:
Նախարար Զեյնալյանը Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործողություններից և խնդրել առավել հաճախակի տեսակցել նրան՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն հանգամանքը, որ նա լինելով քաղաքացիական անձ, Ադրբեջանի կոմից ներկայացվում է որպես զինվորական:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել առկա համագործակցության բարձր մակարդակի համար և այն խորացնելու պատրաստակամություն են հայտնել: