«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանին միայն որպես վկա կհարցաքննե՞ն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շուտով կհարցաքննվի նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը. այդ մասին երեկ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը առանց բացառության: Այո՛, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը: Դա արդեն քրեական գործի քննության անհրաժեշտությունից ելնելով` որոշում է քննիչը` ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից»,- ասել է նա:
Հատկանշական է փաստը, որ դեռ մինչև երեկ ՀՔԾ պետն ուղղակի չէր հայտարարել Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտության մասին: Օգոստոսի 9-ին` կառավարության նախորդ նիստից հետո, նաև դրանից առաջ լրագրողների՝ Ս.Սարգսյանին հարցաքննելու մասին հարցին Խաչատրյանն ընդհանրական պատասխան էր տվել` ասելով, թե կհարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի մասին: Այնինչ երեկ նա ուղղակիորեն մատնանշել է նաև ՀՀ երրորդ նախագահի անունը: Սա ինքնին ուշագրավ է, եթե հաշվի առնենք փաստը, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետ, և այդ իրադարձություններից հետո ինքը զբաղեցրեց նախագահի պաշտոնը:
Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը, հոկտեմբերի 26-ի իր հարցազրույցում խոսելով մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին, ասել էր, թե այդ կապակցությամբ խորհրդակցել է ԱԺ նախագահի ու վարչապետի հետ:
Հետաքրքիր է՝ Ս.Սարգսյանին միայն որպես վկա կհարցաքննեն, թե նրան էլ մեղադրանք կառաջադրվի սահմանադրական կարգը տապալելու համար և կկալանավորեն. ի վերջո, պաշտպանության նախարարը, որն արձակել է քրեական գործի հիմք դարձած 0038 գաղտնի հրամանը, կառավարության անդամ էր, ասել է թե` բացի նախագահից ենթարկվում էր նաև վարչապետին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները