Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի պողոտայից երթով կշարժվի Հանրապետության հրապարակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքը մեկնարկելու է երթով: Քայլարշավը, ինչպես նշեց վարչապետը, կսկվի 17:30-ից Արցախի պողոտա Էրեբունի փողոց հատվածներում և երթով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ:
«Դա այն տեղն է, որտեղից 2018 թվականի ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այսօր հասարակությունը, ժողովուրդը, բանակը, զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իշխանությունը նույն կողմում են:
«Մեզ այսօր ոչ մի գիծ չի բաժանում, սա պետք է դառնա ազգային համերաշխության գեղեցիկ դրսևորում, գեղեցիկ օր: Ուզում եմ հատուկ խնդրանքով դիմել, որ ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ պետք է չպատասխանենք, մենք արդեն փորձ ունենք՝ իրականացնելու այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ: Այսօր էլ հանրահավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, և սա պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, զսպվածություն: Չեմ բացառում, որ կարող են լինել ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակեպելը, ուստի թե բանավոր, թե կեցվածքի ագրեսիվությանը պետք է ագրեսիվությամբ չպատասխանել: Եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին պետք է պատասխանեն իրավապահները, խնդրում եմ դիմել ոստիկանություն, քանի որ նրանք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»:
Վարչապետը նաև կոչ արեց առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվել այսօրվա միջոցառմանը, ինչպես՝ թավշյա հեղափոխության օրերին է արվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան