Քաղաքական 21:30 17/08/2018 Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակում

«Սիրելի ժողովուրդ, այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն: Այսպիսի բան Հայաստանի Հանրապետության կյանքում առաջին անգամ է տեղի ունենում»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը: 

«Ինչ նկատի ունեմ. այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, այս հրապարակում են ոստիկանության, ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցներ, Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր հայրենակիցներ, Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, Լիբանանից և այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով ու մտքով այստեղ են»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ այստեղ են նաև Հայաստանի  տարբեր մարզերի ներկայացուցիչներ: 

Նրա խոսքով՝ այսօր հայ ժողովուրդը միասնական է, առավել քան երբևէ, և այսօր հայ ժողովրդի միասնության ու հաղթանակի օրն է: Նիկոլ Փաշինյանը խնդրեց իջեցնել բոլոր պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկին ընդդեմ, քանի որ հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի. «Սա հայ ժողովրդի  հաղթանակի, միասնության հանրահավաքն է»:

Միայն դուք եք որոշելու, թե ով է լինելու վարչապետ
«Ուղիղ 100 օր առաջ ձեր կամքով և ձեր ընտրությամբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ: Ես եկա և ասացի, որ դուք հաղթեցիք և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ՀՀ վարչապետ եմ ընտրվել, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի վարչապետ, և սրանից հետո ընդմիշտ դուք և միայն դուք եք որոշելու, թե ով է լինելու ՀՀ վարչապետ: 100 օր առաջ Ձեր հզոր և միասնական կամքը հաղթանակեց և միջազգային հանրությունը մինչ օրս չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպես և ինչու: Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ Հայաստանում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք: Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, թե Հայաստանը վերջնականապես հանգել է հուսահատության առաջ, նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ»,- իր ելույթում ասաց վարչապետը:

ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն
Նրա խոսքով՝ Համաշխարհային պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրի վարչապետ ընտրվի մեկը, որը խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն, և այս ամենը իրականություն դառնա առանց մի կրակոցի, առանց մի բռնության, առանց մի զոհի:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝  հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում գտնելու համար, թե որն է այն գործոնը, այն հզոր ուժը, որ հնարավոր դարձրեց իրադարձությունների նման զարգացումը:

«Ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, հյուսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել՝  բացառիկ և հզոր այն ուժը, որ հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ հայությունը, Սփյուռքի հայությունը, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ: Մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանդակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ ՀՀ վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժի, այլ հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է, և սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածը անվանում ենք հեղափոխություն, քանի որ  ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն և հիմա հաստատվել է մի իրավակարգ, կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ժողովրդավարական կառավարում, ժողովրդի իշխանություն»,- հայտարարեց վարչապետը:

Ելույթի ժամանակ վարչապետի ձայնն անընդհատ խզվում էր և Նիկոլ Փաշինյանը կատակով ավելացրեց. «Ձենս սովորելա վարչապետի փափուկ կյանքին, չի դիմանում»:

ՀՀ-ում չկա կոալիցիա, կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն է, որ դեռևս ոմանք Հայաստանի ներքաղաքական կյանքում խոսելիս օգտագործում են կոալիցիոն իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն հասկացությունները, սակայն , ըստ նրա, ՀՀ-ում չկա կոալիցիա, կոալիցիոն իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն, ՀՀ-ում կա ժողովուրդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ Հանրապետության հրապարակը հռչակում է   որպես Ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին:

«Սա նշանակում է , որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, հաշվետու է այս հրապարակին և ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պետք է ժողովրդով հավաքվենք այս հրապարակում ու կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը, կամ կառավարությանը արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»,-հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը դիմելով հրապարակում հավաքված ժողովրդին՝  ասաց, որ հենց ինքն է երկրի բարձրագույն ու միակ իշխանությունը Հայաստանում։

Բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեով
Նա նաև նշեց, որ պետք է ուժեղացնել հանրաքվեի ինստիտուտը և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեով:  Խոսքը, ըստ նրա, վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, ուստի առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների ժամանակ կառավարությունը և ժողովուրդը միասին որոշումներ կայացնեն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա պետք է դառնա հեղափոխության երկրորդ ալիքը:

«ՀՀ-ն պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է Հին Հունաստանը, Երևանը հիշատակվի այնպես, ինչպես Հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը  կարող է դառնալ 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների Ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը: Ահա այսպիսին է մեր իրադարձության պատմական և պատմագիտական նշանակությունը: Եւ այդ իրադարձությունը դուք եք ստեղծել»,- հայտարարեց վարչապետը:

Տնտեսություն

«Հեղափոխություններից հետո երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, սա գրեթե աքսիոմ է, և մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում էին, թե Հայաստանն անխուսափելիորեն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետև այդպես է ցույց տալիս հեղափոխությունների պատմությունը,  կանխատեսում էին, թե սկզբից կլինի անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի, դրանից հետո հնարավոր է կլինի տնտեսական աճ և ակտիվություն։ Մեր հեղափոխությունը բացառիկ է նաև այս պատճառով, որ չհետևեց տնտեսական անկում, ընդհակառակը, արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հունիս ամսին, որը հետհեղափոխական առաջին ամիսն է, գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8,9 տոկոս է. «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել։ Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, ամենակարևոր արդյունքը՝ ՀՀ ավելի շատ գալիս են, քան ՀՀ-ից հեռանում, ինչը արտագաղթի կանխման առաջին ու շատ կարևոր փուլն է։ Հրապարակում եմ պաշտոնական տվյալներ՝ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ժամանել 29986 հազարով ավելի շատ մարդ, քան մեկնածները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր շուրջ 6 հազարով»։

Վարչապետը զեկուցեց, որ վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի։

Ինչու են անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով

«Այն, որ Երևանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում վերջին երեք ամսում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով, խոսում է այն մասին, որ մեր հայրենակիցները գալիս են ոչ միայն զբոսաշրջիկ, այլև բնակարաններ են գնում։ Հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ միլիոնավոր դոլարներ Հայաստանիոց արտահոսում են, և դա համապատասխանում էր իրականությանը, բայց այսօր պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտավորապես 116 մլրդ-ով ավելի շատ գումար։

Ավանդներ

Իսկ ՀՀ բանկերում ավանդներն ավելացել են 116 մլրդ դրամով, սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են։  Վերջին երեք ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է շուրջ 99 մլրդ դրամով, այսինքն այսքան ավելի վարկ են վերցրել ՀՀ քաղաքացիները և ներդրել են բիզնեսի մեջ։  Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ ու բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած։ Երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը, հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի են հավաքագրել 28,8 մլրդ դրամ, ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով»,- տեղեկացրեց Փաշինյանը։

Չկա մենաշնորհ (բանանի, բենզինի շաքարավազի)

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ վարչապետ դառնալուց հետո 40 րոպի ընթացքում վերացրել է բանանի ու շաքարավազի մենաշնորհը. «Այսօր չկա բանանի, բենզինի ու շաքարավազի մենաշնորհ։ Կա միայն իշխանության մենաշնորհ և դրա տերը դուք եք՝ ՀՀ քաղաքացիները»։

Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանը, նա ասաց, որ դա անելու են այն նույն մոդելով, որով որ արել են թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը։

Կոռուպցիա

«Մեր կառավարության առաջին 100 օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը պայքարն է կոռուպցիայի դեմ։ Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացահայտում ենք ՀՀ բոլոր թալանչիներին»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ժողովրդից գողացված փողերը լումա առ լումա վերադարձնելը։ Այսօր արդեն տասնյակ միլիոն դոլարներ վերադարձվել են պետությանը, բայց ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն  ծանրաբեռնվածությամբ։

Դատարաններ

Այսօր ավելի ու ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության որոշ դատավորներ երկար տարիներ սպասարկել են կոռուպցիոն համակարգին, ավելի ու ավելի շատ է խոսվում այն  մասին, որ ՀՀ բազմաթիվ դատավորներ հենց իրենք եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ։ Մենք չպետք է տրվենք դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը։

Առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։ Եվ ես հրաժարվել եմ այդ պրակտիկայից։ Սակայն ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ իշխանության ներկայացուցիչներից։ Ես նրանց ուզում եմ ասել՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, կատակ չանեք ժողովրդի հետ։

Իսկ ընդհանուր առմամբ չափազանց կարևոր եմ համարում, որ մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում որոշում կայացնենք՝ թե արդյոք մենք չպե՞տք է անցում կատարենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելուն։ Դրանք մեզ կարող են անհրաժեշտ լինել այն պատճառով, որ մեր օրենսդրության  մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ։

Շատերը գիտեն՝ իրենց տեղը բանտում է,

Օրինակ, ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից, և ֆորմալ առումով դրանից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են խնդիրներ ծագել։ Կա նաև մի ուրիշ պրոբլեմ։ Ես ուզում եմ կոնկրետ օրինակ բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում՝ այստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում, հայտնաբերվել է 30 միլիոն դոլար։

Երեկ մեկը կար, ասում էր՝ ուր են չգիտեմ ում 10 տոկոսները։ Հարցնելու ենք, իսկ նրանք լինելու են պատասխան տվողը, չկասկածեք։ Ժողովրդից գողացվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է՝ մինչև վերջ։ Այդ 30 միլիոն դոլարը որ կա, ֆորմալ տեսանկյունից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հայտարարագիր չի ներկայացրել, հետևաբար կան խնդիրներ հետաքննելու և այդ գումարն օրենքով սահմանված կարգով առգրավելու։ Դրա համար էլ պետք է մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ստեղծելու անհրաժեշտության  մասին։

Մենք պետք է ամեն ինչ անենք գործիքից արդյունավետ օգտվելու համար, բայց հիմա շատերը, որ գիտեն՝ իրենց տեղը բանտում է, իրենց ժամերը հաշված են, սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հետապնդումների զոհ։

Որևէ մեկը չի հարցնում, եթե քաղաքական հալածանքների զոհ եք, բա հիմա ինչ գործ ունեք ազատության մեջ։ Թե թվում է, դատավորներին զանգելու ձևերը չգիտենք։ Հպարտ եմ մեր կառավարության համար, որ հրաժարվել ենք այդ պրակտիկայից, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկին թույլ ենք տալու խուսափել  պատասխանատվությունից։

Որևէ մեկը չի խուսափելու մարտի 1-ին 10 մարդու սպանելու և Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից։ Այդպիսի բան չի լինելու, այդպիսի բան չի կարող լինել։ Որևէ ոճրագործ, ՀՀ քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան չի խուսափելու պատասխանատվությունից։ Նստելու եք բոլոր մարդասպաններով, և ես սա լիազորված եմ հայտարարել ՀՀ ժողովրդի անունից։

Հողեր, գնված լրատվամիջոցներ, Արցախ

Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է՝ հողեր հանձնելու։ Դուք պատկերացնում եք՝ ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ նրանք ասում են՝ եկել եմ հող հանձնելու։ Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հաձնելուց այլ բան չեն բանակցել։ Ես տիրապետում եմ բանակցային ողջ գործընթացին, տո այ զինվորին ու բանակը թալանածներ, տո այ սերմացու գողացող մկներ...

Ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել ՀՀ անունից, բայց ԱՀ անունից պետք է բանակցի ԱՀ իշխանությունը։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքին։ Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում։ Մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդը։ Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ, որևէ մեկը չմտածի, որ ձեզնից թաքուն թուղթ կստորագրեմ։ Եթե իմանամ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, կգամ և կկանգնեմ այստեղ, և կորոշենք՝ այդ տարբերակով գնում ենք առաջ։ Կորոշենք գնում ենք, ուրեմն կգնանք, դուք եք բարձրագույն  որոշողը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ որոշ մարդիկ  սկսել են խոսել քաղաքացիական պատերազմի մասին. «Քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում և օֆիսներից դուրս։ Դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ քաղաքացիական պատերազմ լինի՝ 17 նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք։ Սա է ձեր աջակցությունը։ Եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրենով Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվելու։ Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել»։ 

Արտաքին քաղաքականություն, հարաբերություններ

Հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ այս ընթացքում երկու անգամ հանդիպում և երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև ի հեճուկս  հանրապետականների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են։ Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեվերսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը։ Ուզում եմ նաև ասել, որ համապատասխան ընթացակարգեր անցնելու հետո դուք բոլորդ կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ, դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն գնում  ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։  Հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու և զարգանալու է»,- շեշտեց նա։

Նաև ասաց, որ զարգացնելու են հարաբերությունները ԵՄ հետ, ԱՄՆ-ի, Իրանի հետ. «Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն էությունը մեր ազգային շահերի պաշտպանությունն է և մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով, քանի որ դուք եք լիազորել մեզ այդպես վարվել»։
Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարիներին Հայաստանի իշխանություններն իրենց կեցվածքով այնպես են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ կապվել են Ռուսաստանի հետ. «Թե` տեսեք, արտաքին ուժեր կան, որոնք մեզ թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Հիմա էլ նրանք բանտի ճանապարհից Ռուսաստան են զանգահարում ու ասում` տեսեք, սա ձեր դեմ է արվում։  Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, քանի որ Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երևանում ևս միամիտ մարդիկ չկան»։

Վարչապետը նշեց, որ պլանավորել էր իր ելույթում անդրադառնալ տնտեսական զարգացման մոդելներին, մասնավորապես,  թե ինչ քայլեր են պատրաստվում անել  Հարկային օրենսգրքում, ինչ փոփոխություններ են նախատեսում պետական կառավարման համակարգում, սակայն, ըստ նրա, հասկանում է, որ ձայնի պատճառով  դա չի ստացվի:

Պետական կառավարում

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով համոզվել են, որ դա նման է սուտլիկ որսկանի երեք կաթսաներին՝  երկուսը ծակ է, մեկն էլ ընդհանրապես տակ չունի:

«Մեր պետությունն այնքան կոռումպացված է եղել, որ որքան վերևից արդյունքը լցրել ենք այդ կաթսաների մեջ, տակերից փախել է մի քանի տասնյակ կոռումպացվածների գրպաններ: Բայց ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա, սա չի նշանակում, թե Հայաստանում  չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում, սա նշանակում է, որ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու, ես դա ձեզ անձամբ երաշխավորվում եմ»,-հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ մարդիկ կարող են վստահ լինել՝ պետական բյուջեի ամեն մի լումա պահպանվում է և ծախսվելու է՝ ըստ նպատակի:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում շատ կարևոր խնդիրներ են պատրաստվում լուծել: Դրանից մեկն, ըստ նրա, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է. «Ըստ էության, պետական կառավարման համակարգն այսօր անարդյունավետ կերպով ծախսում է պետական բյուջեի մի հսկայական մասը, և մենք կարծում ենք, որ ՀՀ-ում պետք է չլինի 17 նախարարություն և նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի»,- ասաց վարչապետը:

Նաև նշեց, որ պետք է էականորեն կրճատել  պետական կառավարման մարմինների թիվը:

Ներդրումներ, գործարարներ

«Այս փուլում մեր ամենակարևոր անելիքը նոր ներդրումների ներգրավումն է: Ես կոչ եմ անում աշխարհի հայության բոլոր ներդրողներին գալ Հայաստան և կատարել լրջագույն ներդրումներ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրենքի գերակայություն, օրենքի իշխանություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ  կոռուպցիայի դեմ պայքար են մղել, բայց Հայաստանում սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել, այսինքն՝ չի եղել մի գործարան, մի բիզնես, որ մեկի ձեռքից վերցնեն և տան մեկ ուրիշին. «Սա չափազանց կարևոր է, սա նշանակում է, որ մենք երաշխավորում ենք սեփականության, ներդրումների անձեռնմխելիությունը: Ուզում եմ ասել, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկը անհանգստանալու որևէ բան չունի, Հայաստանում անհանգստանալու բան ունեն միայն կոռումպացված չինովնիկները՝ լինեն նախկին, թե ներկա»:

Ինչ վերաբերում է գործարարներին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նրանք ազատված են ցանկացած կոռուպցիոն պարտավորությունից և, եթե նույնիսկ նրանք նախկինում հարկեր չեն վճարել, ապա արձանագրելու են այդ հարկերը և նրանց պարտավորեցնելու են վճարել այդ հարկերը:

«Բայց ուզում եմ ասել, որ եթե նույնիսկ հարկեր չվճարելու առիթով քրգործեր են հարուցվում, ապա դրանք հենց այսօր գործող օրենքի ուժով կարճվում են այն ժամանակ, երբ այդ հարկերը վճարվում են: Իսկ եթե կլինեն դեպքեր, երբ նախկինում չվճարված հարկերը պահանջելը շատ ծանր կլինի որևէ բիզնեսի համար, այսինքն՝ կսպառնա նրա գոյությանը, այս դեպքում կգտնենք տարաժամկետման հնարավորություններ: Ես ուզում եմ ասել, որ մեր կառավարման շրջանում ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես, գործարան կամ ունեցվածք  չեն խլելու: Այսպիսի հեռանկար կարող է սպառնալ միայն կոռումպացված չինովնիկներին: Այն բիզնեսմենները, որոնք մարդ չեն սպանել, պարզապես նախկինում գործել են հին կանոնների պայմաններում, նրանք հնարավորություն կունենան Հայաստանում նոր ներդրումներ անել, և նոր ներդրողներն էլ հնարավորություն կունենան հավասար պայմաններում գործել նրանց հետ»,- հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ասաց նաև, որ հիմա էլ ՀՀԿ-ականները, հակահեղափոխականները լուրեր են տարածում, թե պոտենցիալ ներդրողները չեն գալիս Հայաստան, քանի որ սպասում են, թե ինչ է լինելու. «Սիրելի ժողովուրդ, եկեք միասնաբար նրանց ասենք, որ ոչ մի բան էլ չի լինելու, էն ինչ-որ լինելու էր, արդեն եղել է»:

«Քանի որ դա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ Մարտի 1-ի գործին։ Դուք բոլորդ լսել եք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները։ Դրանք լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հեևյալն է։ Ըստ էության կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բացահայտված է։ Էլի եմ ասում՝ չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից։ Այդպիսի տարբերակ չկա»,- կրկին շեշտեց վարչապետը։

Ներքաղաքական իրավիճակ, արտահերթ ԱԺ ըմտրություններ, Սահմանադրություն

Անդրադառնալով ներքաղաքական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ մայիս պետք է տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ։

«Հիմա սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, որ ես, որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ և խորհրդարանը երկու անգամ անընդմեջ նոր վարչապետ չընտրի, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ։ Հիմա նրանք սկսել են մտածել՝ թողնենք հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք։ Ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ՝ ինչ է կատարվում երկրում, բայց քանի որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ ԱԺ ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքնալուծարման մասին որոշում կարող է կայացնել։ Այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց ԱԺ-ն։ Դա տեղի կունենա միայն մեկ պայմանում, երբ ՀՀ քաղաքացիներդ դա ձևակերպեք որպես ձեր հստակ պահանջ։ Երբ ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում։ Ես ՀՀԿ-ականներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանեն, հիմա էլ նույն խորհուրդն եմ տալիս։

Ուզում եմ ծափերով ողջունել…
Ես այսօր ուզում եմ, այնուամենայնիվ, ամփոփել նրանով, ինչով սկսեցի. մեր ազգային միասնության այս պահի բացառիկությունը գնահատելով՝ ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք հայոց բանակի զինվորներին, սպաներին ու գեներալներին, որոնք հեղափոխության օրերին շատ հստակ ցույց են տվել, որ իրենք չեն կատարի հրամաններ, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը փորձեր բանակն օգտագործել ժողովրդի դեմ։ Մեր բանակը պետք է իմանա, որ մեր ժողովուրդն ու կառավարությունը, Սփյուռքը կանգնած է իր թիկունքին։ Այո, բանակում դեռ շատ չլուծված խնդիրներ կան, բայց դրանք մենք միասին լուծելու ենք։

Ես ուզում եմ, որ բուռն ծափերով ողջունենք մեր ոստիկանությանը։ Ասում էինք՝ ոստիկանը մերն է, և այո, ոստիկանը մերն է, քանի որ ծառայում է ՀՀ քաղաքացուն և օրենքին։

Ես ուզում եմ, որ բուռն ծափերով ողջունենք ԱԱԾ-ին։ ԱԱԾ հատուկ խումբը, որ ապրիլի 21-ին ինձ Արցախի փողոցից առևանգել էր, այդ օպերացիան իրականացրած բոլոր տղաներն այսօր իմ թիկունքից քայլում էին և մեր անվտանգությունն էին պաշտպանում։ Սա ազգային միասնության բացառիկ ժամ է։

Ուզում եմ, որ բուռն ծափերով ողջունենք Արցախի Հանրապետության մեր եղբայրներին, ովքեր հարկ են համարել այսքան երկար ճանապարհ կտրել և այստեղ իրենց ներկայությամբ հավաստել հայ ժողովրդի բացառիկ միասնությունը։

Ես ուզում եմ, որ բուռն ծափերով ողջունենք Սփյուռքից եկած մեր հայրենակիցներին, որոնք այսօր եկել են՝ մասնակցելու մեր հանրահավաքին։

Եվ ես ուզում եմ, որ մենք ծափահարենք ՀՀ հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացուն, ով ի վերջո ապացուցեց, որ բացառիկ ժողովուրդ է, որ բացառիկ առաքելություն ունի, որ ինքը սկիզբ դրեց պատմական ժամանակաշրջանի, որտեղ հաստատվեց ժողովրդի իշխանություն։ Կեցցե ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ հայ ժողովուրդը»,- ասաց ՀՀ վարչապետը։

Հանրահավաքի վերջում Նիկոլ Փաշինյանն ասմունքեց «Իմ քայլը», բանաստեղծությունը, որը, նրա իսկ խոսքով, դարձավ հաղթանակի խորհրդանիշը։  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}