Մտահոգիչ են վերջին օրերին վարչապետի կողմից հաճախ արվող հայտարարությունները. Դ. Հարությունյան
«Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ»,- այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:
Նա նաև նշել է. «Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները: Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին ժամանակահատվածում վարչապետի կողմից ավելի ու ավելի հաճախ արվող հայտարարությունները, այդ թվում՝ երեկվա հանրահավաքին, որոնք իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար:
Մինչդեռ թե՛ Սահմանադրության և թե՛ դատական օրենսգրքի մակարդակով ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ և երաշխիքներ, որոնք կոչված են դատական իշխանությանը և դրա կրողներին պաշտպանել նմանատիպ ոչ իրավաչափ ներգործությունից:
Դատական Օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։
Այդ արգելքի ակնհայտ, կոպիտ և նպատակային խախտումների պայմաններում հիմնական դերակատարը Բարձրագույն դատական խորհուրդն է, որը որպես անկախ պետական մարմին պետք է իրացնի իր սահմանադրական հիմնական գործառույթը՝ երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը»։