Մոսկվայում բացվելու է Մարիամ Ասլամազյանի աշխատանքների ցուցահանդեսը
Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 18-ը գործելու է Մարիամ Ասլամազյանի աշխատանքների ցուցադրությունը՝ «Արևային գույների պատմություններ» խորագրով։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսը նվիրված է նկարչուհու 110-ամյակին։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ-ի և ՌԴ-ի մշակույթի նախարարությունները, ՌԴ-ում ՀՀ դեպանությունը, Արևելքի պետական թանգարանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը։
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանը (1907-2006 թթ.) Լենինականում ապրել է մինչև 1927 թվականը, երկար տարիներ ապրել է Մոսկվայում:
«Մարիամի ստեղծագործությունները վառ են, լուսավոր. նրա ստեծագործությունների գույների ու քսվածքների բովանդակությունն աշխարհի լինելիության վերաբերյալ որոնողական բովանդակությունն է: Մարիամի ստեղծագործություններն արված են դեկորատիվ –հարթային լուծումով և կոմպոզիցան էլ կառուցված է արևելյան սկզբունքով առարկաները բաշխված են ըստ գույնի լուսավորության: Ստեղծագործությունների կրեդոն ազգայինի և առատության գաղափարների բովանդակության գովերգումն էր: Նա իր ստեղծագործություններում որպես ազգային գույն կարևորում է կարմիրը: Մարիամ Ասլամազյանն իր արվեստի մեջ սեփական տեսանկյունից փորձել է վերանայել Խորհրդային և հետպատերազմյան տարիները, իր վերաբերմունքն է արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ»,- կարդում ենք aslamazyanmuseum.com կայքում:
Մ.Ասլամազյանը մահացել է 2006 թվականին հուլիսի 16-ին: Դին տեղափոխվել և հուղարկավորվել է Երևանում: Մ.Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում` Հայաստան, Մոսկվա, Սոֆիա, Բեռլին, Վենետիկ, Տոկիո, Դելի և այլն: