Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է
«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է, իսկ ԿԸՀ գրանցման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 3-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 10-ից, կավարտվի սեպտեմբերի 21-ին»,- ԿԸՀ այսօր գումարված նիստի ընթացքում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Դիտորդները և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են գրանցվել մինչև սեպտեմբերի 8-ը։ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները կամփոփի սեպտեմբերի 30-ին»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցում էլ Արմեն Սմբատյանը նշեց, որ ԿԸՀ-ն լիովին պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, պետք է սպասել արդար ընտրությունների։
Հարցին՝ արդյոք կուսակցությունները կհասցնե՞ն տեղավորվել սահմանված ժամկետում և նորմալ կազմակերպել իրենց աշխատանքները, պաշտոնյան ասաց՝ հանրության համար պարզ էր, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և ինքը կարծում է, որ կուսակցություններն իրենց նախապատրաստական աշխատանքները սկսել են ավելի շուտ:
Իսկ ինչո՞վ են տարբերվելու այս ընտրությունները նախորդներից, հետաքրքրվեցին լրագրողները։ Արմեն Սմբատյանը նշեց. «Կարծում եմ՝ ավելի մրցակցային կլինեն, նոր քաղաքական պլատֆորմ է առկա, և ամենկարևորը, որ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքն այլ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով. Դավիթ Խաժակյան
- Երևանի ավագանու ընտրությունները պետք է լինեն բացառիկ, իսկ ընտրակեղծարարների խմբերն այստեղ անելիք չունեն. վարչապետ
- Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
- Զեյնալյանը «Հանրապետության» քաղաքապետի թեկնածու
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՔՊ-ի` Երևանի քաղաքապետի թեկնածուն Կարգին Հայկոն է
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան