ՃՈ գնդապետի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում
Ճանապարհային ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք.
«Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը։ Ոստիկանությունը խնդրում է միջադեպին ականատես եղած քաղաքացիներին կամ դրա վերաբերյալ տեսաձայնագրություններ ունեցողներին, դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն»։