Ղրիմն այս տարի արդեն իսկ ընդունել է 4 մլն զբոսաշրջիկ
Տարեսկզբից Ղրիմ է այցելել ավելի քան 4,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնել է Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Սաֆոնովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Օգոստոսի 17-ի դրությամբ Ղրիմում հանգստացել է 4 մլն 368 հազար զբոսաշրջիկ, ինչը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Մենք գտնում ենք, որ այս դինամիկան շատ լավն է»,- ասել է Սաֆոնովը:
Նրա խոսքով՝ զբոսաշրջային հոսքի աճը պայմանավորված է տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկայի բարելավման հետ:
«Նոր օդանավակայանը շահագործման է հանձնվել, կամուրջ է կառուցվել: Շատ կարևոր է, որ այս տարի իրականացվող աշխատանքների շնորհիվ ծառայությունների գները չեն բարձրացվել: Նույնիսկ տեսանք գների անկում: Այսինքն, գներ-որակ հարաբերակցությունն օպտիմալ է », - ասել է Սաֆոնովը: