Ինչո՞ւ է ոստիկանությունը այցելություններ կատարում քաղաքացիների բնակության վայրեր
Օրերս քաղաքացիները Panorama.am-ի խմբագրությանը հայտնել էին, որ ոստիկանները շրջում են տուն առ տուն՝ ցուցակներով՝ փորձելով ճշտել ընտրացուցակներում քաղաքացիների մասին տեղեկությունների ճշգրտությունը:
Panorama.am-ը տեղեկություն ստանալու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն, մասնավորապես, որքանո՞վ կա դրա անհրաժեշտությունը, և արդյոք դա նշանակում է՝ նախկին ցուցակներում անճշտությունները շատ են, բացի այդ, օգոստոսին բնակիչների մեծ մասն արձակուրդում է ու բացակայում է երկրից՝ արդյոք այցը տներով արդյունավետ է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա։ Բնակչության պետական ռեգիստրը, ինչպես ցանկացած համակարգ, կարող է ունենալ նաև խնդիրներ, որոնք առաջանում են աշխատանքի ընթացքում (աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հասցեն սխալ նշել և այլն)։
Բացի այդ, լինում են դեպքեր, երբ անձը մահանում է այլ պետությունում և սահմանված կարգով նրա մահը չի գրանցվում ՀՀ իրավասու մարմնում։ Մահացած անձի տվյալի առկայությունը ընտրողների ցուցակում հանրության շրջանակում առաջացնում է անվստահության մթնոլորտ։ Թեև սահմանված կարգով պետական գրանցում չստացած մահվան դեպքում անձի տվյալի առկայությունը ընտրողների ցուցակներում չի համարվում անճշտություն, այնուամենայնիվ ՀՀ ոստիկանությունն այդ ուղղությամբ նույնպես իրականացնում է հսկայածավալ աշխատանք։
Պրակտիկայում հնարավոր է նաև դեպքեր, երբ անձի մահը օրենքով սահմանված կարգով գրանցվել է իրավասու մարմնում, սակայն տեխնիկական խնդրի պատճառով անձնագիրը կամ նույնականացման քարտը անվավեր չի ճանաչվել և վերջինիս տվյալները մնացել են բնակչության պետական ռեգիստրում, որը և փոխանցվում է ընտրողների ռեգիստր։
Վերը նշված և այլ կարգի անճշտությունները ընտրողների ցուցակներում բացառելու նպատակով, բացի սահմանված կարգով դրանք հրապարակելուց, ոստիկանությունը կատարում է այցելություններ նաև քաղաքացիների բնակության վայրեր։
ՀՀ ոստիկանությունը, որպես ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, նախորդ ընտրությունների ժամանակ նույնպես կազմակերպել է բնակարաններ այցելելու գործընթացը։ Ընդ որում, նման եղանակով անճշտություններ հայտաբերելու պրոցեսը արդյունավետ է։ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով ընտրողների ցուցակներում առկա անճշտություններ հայտնաբերելու և ուղղելու մասով։
Այցելություններն իրականացվում են տարբեր եղանակներով։ Հասցե առ հասցե, ինչքանով ընտրական գործընթացով սահմանված ժամանակահատվածը թույլ է տալիս կազմակերպելու լրիվ ծավալով։ Ինչպես նաև տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով («Թեժ գծով» ստացված զանգեր, գրավոր դիմումներ, բողոքներ, ԶԼՄ-ներում հրապաարակված տեղեկություններ և այլն)։
Ընտրական գործընթացի շրջանակներում ցուցակների ճշգրտման, անճշտություններ հայտնաբերելու և ուղղելու գործընթացում ցանկալի կլինի ակտիվություն դրսևորի նաև հասարակությունը, այլ մարմիններ և կազմակերպություններ, թեև օրենքով ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը ՀՀ ոստիկանությունն է։ Կարելի է փաստել, որ քաղաքացիները հիմնականում դրական են տրամադրվում նման գործընթացներին։ Առավել ևս, այդ ժամանակ նրանց կողմից երբեմն հայտնաբերվում են տեղեկություններ, որոնց նկատմամբ նախկինում նրանք եղել են անտարբեր։ Օրինակ, տարիներ առաջ գնել են բնակարանը, սակայն նախկին բնակիչները չեն հաշվառվել նոր բնակության վայրի հասցեով։ Թեև ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, բնակարան այցելելու ժամանակ նույնպես տեղեկացվում է բնակելի տարածության սեփականատիրոջը իր իրավունքների մասին, համաձայն որի, կարող է դիմել և հաշվառումից հանել սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց։
Ինչ վերաբերում է արձակուրդային սեզոն լինելուն, ցանկալի կլիներ ցուցակների ճշգրտման աշխատանքները չհամընկնեին այս ժամանակահատվածին։ Տեղեկացնում ենք նաև, որ սահմանված կարգով նախնական ցուցակները հրապարակելուց հետո քաղաքացիները հնարավորություն կունենան նաև դրանց ծանոթանալու էլեկտրոնային եղանակով, համացանցից։ Ցուցաների ճշգրտման երկրորդ փուլի ընթացքում անհրաժեշտության դեպքում այցելություններ կկատարվեն արդեն կոնկրետ հաղորդման դեպքում»: