Բոլոր խնդիրները ձեր հաղորդագրության մեջ չեն տեղավորվի. «Ծիրանի ծառ» փառատոնի տնօրեն
Սեպտեմբերի 15-21-ը Ուջանում և Երևանում կայանալու է «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոնը։ Փառատոնն այս տարի անցկացվում է չորրորդ անգամ։
«Ուրախ ենք հայտարարել, որ չնայած բոլոր խոչընդոտներին՝ «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 15-21՝ Ուջանում և Երևանում»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան էջում։
Փառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։ Նա չմանրամասնեց, միայն նշեց. «Բոլոր խնդիրները շաղկապված են։ Պետք է բոլորն ասեմ, իսկ բոլորը ձեր հաղորդագրության մեջ չեն տեղավորվի, իսկ մի քանիսի թվարկումն անիմաստ է։ Մեզ մոտ պրոբլեմներ շատ կան, չէ՞»։
Փառատոնի ընթացքում ներկայացվելու է 21 վավերագրական ֆիլմ՝ մարդաբանական ու կենսագրական ֆիլմերից մինչև արտիստիկ ու անիմացիոն վավերագրություններ։
«Փառատոնի թեման մարդիկ՝ տարբեր ժողովուրդներ, էթնոսներ, ինչպես են ապրում տարբեր երկրներում թե սոցիալական, թե էթնոգրաֆիկ իմաստով»,- հավելեց փառատոնի տնօրենը։
Ֆիլմեր ստացել են Հայաստանից, Չինաստանից, Ֆրանիսիայից, Պարսկաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից և այլ երկրներից։
Հարցին՝ նախորդ տարիների համեմատ, այս տարի ավելի շատ, թե քիչ ֆիլմեր են ցուցադրելու, Գ. Զաքոյանն ասաց, որ ֆիլմերի քանակը կրճատվել է։
«Ֆինանսը չի հերիքել շատ անելու համար։ Ամեն ֆիլմ թարգմանվում է հայերեն, սուբտիտրեր են գրվում, այդ ամեն ինչը գումար է։ Գումար քիչ լինելու պատճառով կրճատել ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ փառատոնին աջակցել է մշակույթի նախարարությունը։