MTV Video Music Awards-ի մրցանակակիրները
Նյու Յորքում՝ Radio City Music Hall համերգասրահում, կայացել է MTV Video Music Awards 35-րդ մրցանակաբաշխության հանձնման արարողությունը։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, գլխավոր անվանակարգում՝ «Տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակ» հաղթել է Կամիլա Կաբելոյի «Havana»-ն։ Երգչուհին ներկայացվել էր հինգ անվանակարգում, նա արժանացել է նաև «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին։
Ամենաշատ անվանակարգերում՝ 12, ներկայացված էր Կարդի Բին, որից հինգը կիսել է երգիչ Բրունո Մարսի հետ Finesse երգի տեսահոլովակի շնորհիվ։ Արդյունքում ռեփ կատարողը երեք արձանիկ է վերցրել՝ ամռան լավագույն երգի (I Like It), լավագույն համատեղ աշխատանքի (Dinero) և լավագույն նոր արտիստ անվանակարգերում։
Երեք արձանիկի է արժանացել ռեփեր Չայլդիշ Գամբինոն. նրա This Is America տեսահոլովակը ճանաչվել է սոցիալական ենթատեքստով լավագույն տեսահոլովակը, նաև մրցանակ է ստացել լավագույն խորեոգրաֆիայի և ռեժիսուրայի համար։
Լավագույն փոփ-տեսանյութ է ճանաչվել երգչուհի Արիանա Գրանդեի No Tears Left to Cry-ը, լավագույն ռոք-տեսանյութ՝ Imagine Dragons խմբի Whatever It Takes-ը։ «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ» անվանակարգում արձանիկ է ստացել Նիքի Մինաժը Chun-Li երգի տեսահոլովակի համար։
Ութ անվանակարգում մրցանակի հավակնորդ էին Բեյոնսե և ռեփեր Ջեյ-Զի ամուսանական զույգը Apeshit երգի տեսահոլովակի համար։ Նրանք արժանացել են ընդամենը երկու արձանիկի՝ լավագույն օպերատորական և լավագույն նկարիչ-բեմադրիչի աշխատանքների համար։
MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունը MTV հեռուստաընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխություն է տարվա լավագույն տեսահոլովակ անվանակարգերում։ Առաջին մրցանակաբաշխությունն անցկացվել է 1984 թվականին Նյու Յորքի։