Փաստաբանների պալատի խորհուրդն առաջարկում է քրեականացնել հայհոյանքը
ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ներկայացվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:
ՓՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018թ. որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին և որոշվել է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին ներկայացնել համապատասխան առաջարկություն:
ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվում է քրեականացնել հայհոյանքը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումը համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերով այլ անձանց (այդ թվում՝ փաստաբանի) պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու նպատակ հետապնդող հայհոյանքների կատարման դեպքերի կանխարգելման և իրավական հետապնդման արդյունավետ միջոցների ներդրման անհրաժեշտությամբ:
Իրավական պետության անքակտելի հատկանիշներից մեկը հանդիսացող արտահայտման ազատությունը պետք է իրացվի այնպես և այնպիսի սահմաններում, որպեսզի չխախտվեն այլոց իրավունքները և, մասնավորապես, պատվի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքը, այլապես առկա կլինի արտահայտման ազատության չարաշահում:
«Խոսքի և արտահայտման ազատության չարաշահման հանրային վտանգավորություն ներկայացնող դրսևորում է հայհոյանքը, որը կատարվում է հասարակության հայտնի և միջանձնային հարաբերություններով շրջանառվող ոչ ցենզուրային անպարկեշտ բառերի և արտահայտությունների միջոցով, որոնք կարող են ունենալ ինչպես խոսքային, այնպես էլ պատկերային, ձայնային և այլ դրսևորումներ: Սույն արարքի իրավական կազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ է հայհոյանքի հրապարակային բնույթն՝ առնվազն որևէ երրորդ անձի համար հայհոյանքի կատարման փաստի մասին տեղեկատվության հասանելիությունը: Սույն հանգամանքն ազդեցություն է ունենում նաև արարքի սուբյեկտիվ կողմի՝ մեղքի բնույթի և աստիճանի վրա. հրապարակային հայհոյանքը հիմնականում կատարվում է չարամտորեն՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու և այդ փաստն այլ անձանց հասանելի դարձնելու ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:
Հայհոյանքի բովանդակությունը և դրա հրապարակային բնույթը կրկնակի վնաս են պատճառում վերջինիս հասցեատիրոջ պատվին և արժանապատվությանը, ինչպես նաև գործարար համբավին: Ավելին` հայհոյանքն իր մեջ կարող է պարունակել դրա «զոհի» նկատմամբ շանտաժի և այլ հակաիրավական գործողությունների տարրեր: Արդյունքում իրավախախտի կողմից խոսքի ազատության իրացման չարաշահման հետևանքով այլ անձ ենթարկվում է բարոյական և հոգեբանական նսեմացման, որը կարող է ամենատարբեր անբարենպաստ հետևանքներ առաջացնել հայհոյանքի զոհի համար՝ ընդհուպ մինչև հոգեբանական խնդիրներ և ինքնավնասման դեպքեր:
Միաժամանակ հաշվի առնելով նկարագրված արարքի խիստ անձնական բնույթը փաստաբանների պալատը գտնում է, որ պետք է լրացում կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, նախատեսելով, որ հայհոյանքի փաստով քրեական հետապնդումը իրականացվում է մասնավոր կարգով»,- նշվում է Փաստաբանների պալատի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան