Eagles խումբն առաջ է անցել Մայքլ Ջեքսոնից
Eagles խմբի «1971-1975 թթ. մեծագույն հիթերը» (Their Greatest Hits 1971-1975) ալբոմը Ամերիկյան ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի վարկածով դարձել է բոլոր ժամանակների ամենավաճառված ալբոմը՝ առաջ անցնելով Մայքլ Ջեքսոնի «Thriller» ալբոմին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ նշված է ասոցիացիայի կայքում։
Ասոցիացիայի տվյալներով, Eagles ալբոմը 1976 թվականին թողարկվելու պահից սկսած վաճառվել է 38 միլիոն օրինակով՝ 38 անգամ դառնալով պլատինե։ Նույն խմբի «Hotel California» ալբոմը նույն վարկանշային ցուցակի երրորդ տեղում է՝ 26 անգամ դառնալով պլատինե։
«Շնորհավորում ենք Eagles-ին, որը կատարել է անհավատալին, գրելով և ձայնագրելով երաժշտության պատմության մեջ երեք լավագույն ալբոմներից երկուսը»,- ասել է ասոցիացիայի նախագահը։
Ավելի վաղ այդ վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականում Մայքլ Ջեքսոնի «Thriller» ալբոմն էր։ Այն 33 անգամ դարձել է պլատինե։