Ոստիկանությունը ընտրություններին կաշկանդված չի եղել ու չի լինելու. Օսիպյան
«Չեմ կարծում, թե ոստիկանությունը կարող է կաշկանդված լինել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ արձագանքելով ՀՅԴ կուսակցության հայտարարություններին, թե՝ ոստիկանությունը լինելով ՀՀ վարչապետին առընթեր մարմին կաշկանդված կարող է լինել առաջիկա ընտրություններին և աչք փակել իշխանական ուժի կողմից հնարավոր խախտումներին։
Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն 15 տարի առընթեր մարմին է: «Չեմ կարծում, թե ոստիկանությունը կարող է կաշկանդված լինել, անկեղծ ասած, տարբերություն չեմ տեսնում, որովհետև ոստիկանությունը ինչպես նախկին տարիներին, առավել ևս այսօր գործելու է ավելի թափանցիկ։ Մարդիկ ուղղակի նման հայտարարություններով փորձում են նախապես ստվեր գցել այս ամենին: Հավաստիացնում եմ, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել ու չի լինելու։ Առաջիկա ընտրություններին կհամոզվեք», - ասաց Վալերի Օսիպյանը։