ՀՀԿ-ից դուրս եկա, երբ որոշեցի, որ կրթության ոլորտի մարդը պետք է անկուսակցական լինի. Աննա Ստեփանյան
«Հայ-չինական բարակամության դպրոցը ևս մեկ կամուրջ է՝ այլ հարթակներ դուրս գալու։ Չինարենի հանդեպ մեծ հետաքրրքություն կա»,- այսօր հայ-չինական բարեկամության դպրոցի բացման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։
Հարցին՝ կա՞ն նմանօրինակ ծրագրեր՝ Երևանում այլ լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ ևս բացելու, պաշտոնյան դրական պատասխան տվեց։
«Այդ ծրագրերը հիմք են հանդիսանում՝ կրթության ոլորտը բարելավելու համար»,- ասաց Աննա Ստեփանյանը։
Նա միաժամանակ համաձայնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի այն տեսակետին, որ կրթության ոլորտում լուրջ փոփոխությունների կարիք կա, դպրոցական դասագրքերը պետք է փոփոխությունների ենթարկվեն, որոշ առարկաներ հանվեն, որոշներն ավելանան։
«Ես համամիտ եմ այդ փոփոխությունների հետ, մանկավարժներն իրենք են բարձրացրել այդ հարցերը, որ, այո, դասագրքերում պետք է փոփոխություններ կատարվեն։ Ինչ վերաբերում է առարկաների թոթափմանը, ապա դա ևս շատ նպատակային է։ Սակայն փոփոխությունները միանգամից չեն լինում, դրանք պետք է իրականացվեն կամաց-կամաց»,- ասաց Աննա Ստեփանյանը։
Լրագրողները նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետից հետաքրքրվեցին՝ արդյոք իրեն հարմարավե՞տ է զգում քաղաքական նոր իրավիճակում։
«Ես կրթության մարդ եմ, և իմ գործունեության հիմանական նպատակը եղել է կրթության ոլորտի բարեփոխումները։ Այդ նպատակով եմ եկել քաղաքապետարան։ Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր դրական կողմրը, մենք պետք է նայենք և քայլենք առաջ։ Անկախ նրանից, թե որ իշխանության օրոք ես իրականացնում քո գործունեությունը, դու ունես նպատակ, որն իրականացնում ես»,- ասաց նա։
Իսկ ինքը շարունակում է մնալ ՀՀԿ անդա՞մ, հարցին էլ Աննա Ստեփանյանն ասաց, որ անկուսակցական է, Հանրապետական կուսակցությունից դուրս է եկել ոչ թե ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, այլ երբ որոշում է կայացրել, որ կրթության ոլորտի մարդը պետք անկուսակցական լինի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին