Վրաստանի իշխանություններն ակտիվ պայքարում են գյուլենական դպրոցների դեմ
Վրաստանի «Սևծովյան միջազգային համալսարանը» առաջիկա 1 տարվա ընթացքում իրավունք չի ունենա կազմակերպել ուսանողների ընդունելություն։ Պատճառը չմարված պարտքերն են, որոնք կազմում են շուրջ 1մլն 700.000 թուրքական լիրա (280.000 դոլար):
Ըստ Էրմենիհաբերի, թուրքական աղբյուրներն ընդգծում են, որ 1995թ. հիմնված այդ համալսարանը գտնվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հովանու ներքո, որի առաջնորդ՝ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Վրաստանի կրթության նախարարության աշխատակից Թամար Սանիքիձեն այդ համալսարանի ղեկավարությանը մեղադրել է հարկերից խուսափելու մեջ։ Նա տեղեկացրել է, որ համալսարանի գույքն ամբողջովին առգրավված է այս պահին։
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիում, Բաթումիում, կան ևս մի քանի կրթական հաստատություններ, որոնք գտնվում են գյուլենական համայնքի հովանու ներքո։
Ներկա պահին Վրաստանում գյուլենական համայնքի հովանու տակ գտնվող 4 դպրոց շարունակում է գործել։