Հայաստանի տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը. վարչապետ
Հայաստանի տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է կոշտ արտադրանքին: «Այս պահին արդեն նախանշաններ ու ներդրումային հետաքրքրություններ կան այս ոլորտի հետ կապված: Այսօր նաև որոշակի հետաքրքրություն կա արևային էլեկտրակայանների պանելների արտադրության ուղղությամբ:
Սա այն ոլորտն է, որն իսկապես կարող ենք համարել հեռանկարային, քանի որ արևային էներգիան առաջիկայում լինելու է ամենահզոր ճյուղերից մեկը: Տեղյակ եմ, որ Հայաստանում կան ներդրումներ որոշակի տեխնոլոգիական ապրանքներ արտադրելու մասով, մասնավորապես, հեռուստացույցերի և կենցաղային տեխնիկայի արտադրություն է սկսվելու։ Մենք պատկերացնում ենք , որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր և շատ կարևոր է, որ լինի տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերություն, որն իր հերթին բնականոն պայմաններ կստեղծի ռազմաարդյունաբերության զարգացման համար»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև Հայաստանում ադամանդագործության ոլորտի զարգացումը:
Նա հիշեցրեց, որ նախկինում ադամանդագործությունը բավականին զարգացած էր Հայաստանում, բայց դրամի փոխարժեքի բարձրացման և ադամանդի շուկայում տեղի ունեցած ազատականացման գործընթացների հետևանքով այդ ոլորտը Հայաստանում խնդիրներ ունեցավ. «Հիմա կան ընկերություններ, գործարարներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ և մենք հույս ունենք, որ նրանք հաջողություն կունենան, իսկ կառավարությունն էլ ամեն ինչով կաջակցի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան