Չինացի վարպետներն այս դպրոցը կառուցում էին այնպես, ասես սա իրենց տունն էր. դեսպան
Այսօր տեղի ունեցավ Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան, պաշտոնատար այլ անձինք։
Ինչպես ողջույնի խոսքում ասաց գործադիրի ղեկավարը, ինքը շատ ուրախ է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առթիվ։
«Շատ հայտնի ասացվածք կա՝ «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, հնարավորորւթյուն է տալիս հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության։ Ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանա այն ահռելի ազդեցության մասին, որ չինական քաղաքակրթությունն ունեցել է մարդկության զարգացման վրա։ Մեր ժողովուրդը ևս գալիս է հազարամյակների խորքից, և ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ Հայաստանի և Չնաստանի դրոշները ծածանվում են կողք կողքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, երկու պետություններին և ժողովուրդներին մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետև ժամանակակից աշխարհում ռազմավարական մտածողությունն ի ցույց է դնում, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն բազմաթիվ հետաքրքրություններ։
«Ուրախ եմ, Անկախությունից ի վեր՝ հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, և այս դպրոցի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերությունների՝ ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը։ Մեր հանրապետության փողոցներով երթևեկում են Չինաստանի դրոշներով ավտոբուսներ, շտապօգնության կարիք ունեցողներին շտապ օգնության են շտապում չինական մեքնենաները։
Ինչ վերաբերում է հայ-չինական բարեկամության դպրոցին, ապա դրա գոյությունը լիովին տեղավորվում է մեր կառավարության ունեցած պատկերացումների շրջանակում, որովհետև մենք Հայաստանը պատկերացնում ենք բարձր ինտելեկտ ունեցող երկիր, որտեղ երկու-երեք լեզու իմանալն առօրյա երևույթ է։ Ուրախ եմ արձանագրել, որ այժմ էլ չինարենի իմացությունը Հայաստանում ոչ միայն քաղաքակրթական, այլև տնտեսական անհրաժեշտություն է։ Նոր ժամանակշրջանում մենք տեսնում ենք չինացի ներդրողների առանձնակի հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն իր հերթին նկատեց, որ 15 ամիս տևած շինարարության արդյունքում չինական կողմը անհատատույց կերպով Հայաստանին է հանձնում այս դպրոցը։
«Չինացի վարպետներն այս դպրոցը կառուցում էին այնպես, ասես սա իրենց տունն էր»,- ասաց դեսպանը։
Թիան Էրլունի գնահատմամբ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները ներկայումս պահպանում են առողջ զարգացման միտումը։ Կրթության և այլ ոլորտներում համագործակցությունը կայուն կերպով ընդլայնվում է։ Հայաստանում չինարեն սովորողների թիվը հասնում է 1000 մարդու, այս դպրոցում կդասավանդեն 4 չինացի ուսուցիչներ»,- ամփոփեց դեսպանը։