Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը
Այսօրվանից մշակույթի նախարարության մոտ անժամկետ հացադուլ հայտարարած ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը: Արամ Շահբազյանի հացադուլի պատճառը նրա՝ 3 նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմն է, որը դեռևս 2010թ պետք է ավարտվեր, սակայն անհրաժեշտ գումարն այդպես էլ չի տրամադրվել, թեև խոստումներ տրվել են: Ֆիլմի ավարտի համար անհրաժեշտ է 18 միլիոն դրամ՝ հետարտադրական պրոցեսն ավարտելու համար։ 2009 թվականին ավարտվել է ֆիլմի նկարահանումները, 2010-ին՝ մոնտաժը, սակայն մինչ այժմ ֆիլմն ավարտված չէ։
Լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ մեկ ժամից ավելի զրուցել է Ա.Շահբազյանի հետ, հասկացել, թե ինչ խնդիրներ կան։
«Իրականում խնդիրը ոչ թե այս շրջանի հետ է կապված, այլ դեռևս 2006 թվականից եկած հարցեր են։ Անհասկանալի կերպով ֆիլմի քննությունը հայտնվել է այն հանձնաժողովում, որը, ի թիվս 43 ֆիլմերի, պետք է քննության անցեր»։
Նախարարի խոսքով, այն հանձնաժողովը, որը ձևավորել էր Կինոկենտրոնը, և այն քաղաքականությունը, սկզբունքը, որ որդեգրել է մշակույթի նախարարությունը, մասնավորապես ինքը, հետևյալն է. «Ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա թափանցիկ կերպով, ոչ մեկ մարդու որոշմամբ։ Որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշումների կայացման գործընթացի վրա»։
Լ. Մակունցն ասաց, որ այսօր կհանդիպի Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ և նրանից պարզաբանում կստանամ այն խնդրի վերաբերյալ։
«Պարոն Շահբազյանի հետ պայմանավորվել ենք, որ հացադուլը դադարեցնի, որովհետև այստեղ որևէ մեկը հակառակ բևեռում չի: Մենք կոչված ենք լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք տասնյակ տարիներ լուծում չեն ստացել»,- ասաց նախարարը։
Ա. Շահբազյանը լրագրողներին ասաց, որ նախարարության պատասխանն իրեն լիովին գոհացնում է. «Սկսվում է գործընթաց, ու ամենակարևորը՝ ամենաթափանցիկ ձևով։ Դա հենց այն է, ինչ ես սպասում էի։ Ես երկար ժամանակ մթության մեջ էի»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին