Հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի լոկոմոտիվն է ու սա չի կարող ընդունելի համարվել. Փաշինյան
Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:
Նրա խոսքով՝ նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ:
«Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները և բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը»,- ասաց նա:
Ըստ Արթուր Գրիգորյանի՝ ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ռազմավարության մշակման համար անհրաժեշտ ախտորոշիչ ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման հստակ ժամկետները:
Նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվելու են Համաշխարհային բանկի և դոնոր կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների հաշվին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ փաստն այն է՝ այսօր հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն է և գործող կառավարությունն արձանագրել է, որ տնտեսական աճի այդ մոդելը որևէ կերպ չի կարող ընդունելի համարվել:
«Մեր կառավարության կարևոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի այդ մոդելը ոչ միայն այն պատճառով, որ խոսքը տվյալ դեպքում ուղղակի վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլև այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձևավորված տնտեսական աճը ներառող չէ: Այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունն իրենց վրա չեն զգում ՀՀ քաղաքացիները»,- ասաց վարչապետը:
Մյուս կողմից, ըստ նրա, պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու համար, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ և պատասխանատու դարձնելու համար:
«Պետք է հաստատենք այնպիսի շահագործման կանոններ, որ հանրությունն իսկապես զգա՝ այդ ազգային հարստությունը օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը և հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան», - հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին