Փորձել են խաթարել հնագետների աշխատանքը
Նախօրեին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նրանք վիրավորանքներ են հասցեագրել արշավախմբի անդամների, մասնվորապես` արշավախմբի ղեկավար Ա. Փիլիպոսյանի հասցեին:
Պատճառը` հուշարձանի անվանման վերաբերյալ ունեցած տարակարծությունն է: Ակտիվիստների խոսքով, «Զորաց քարեր» հուշարձանը պետք է կոչել Քարահունջի աստղադիտարան:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ահնրաժեշտ ու հիմնավորված պարզաբանումներ է ներկայացրել ակտիվիստներին: Նա տեղեկացրել է, որ հնագիտական արշավախումբն աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ ու բաց թերթիկով: Բողոքի ակցիայի պատճառով շուրջ 1,5 ժամ խաթարվել է արշավախմբի բնականոն աշխատանքը, միջադեպ` չի արձանագրվել: ՊՈԱԿ-ը սույն փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահներին։
Աղբյուրը տեղեկացնում է, որ հնագիտական արշավախումբը այս տարվա պեղումները վերսկսել է օգոստոսի 1-ից: Աշխատանքները շարունակվում են դամբարանադաշտում: Հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ պարիսպ է բացվել, որը ձգվում է շուրջ 25 մետր երկարությամբ: Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել է միջին, ուշ բրոնզե և երկաթե դարաշրջանով թվագրվող խեցու բեկորներ:
Հարակից հրապարակումներ`
- «Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան
- «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
- «Զորաց քարեր»-ում վերսկսվել են պեղումները
- «Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր». Մաթեմատիկոսը պնդում է, որ հուշարձանի նման ևս մեկ կառույց է հայտնաբերել
- Քարահունջում նախատեսված հայ-բրիտանական համատեղ ուսումնասիրությունները չեն իրականավցել