Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է իր և «Արսենալ»-ի հասցեին հնչող քննադատություններին
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր և թիմի հասցեին հնչող քննադատությանը, գրում է sports.ru-ն:
«Ես ինքս իմ ամենամեծ քննադատն եմ, լրացուցիչ քննադատության կարիք չունեմ: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ կարող եմ տալ թիմին և ինչ է թիմը տալիս ինձ: Չգիտեմ, թե ինչու են մարդիկ այդքան հաճախ քննադատում: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում, քանի որ գիտեմ` լա՞վ եմ խաղացել, թե՞ վատ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Նա նաև անդրադարձել է «Արսենալ»-ի մարզիչին՝ նշելով, որ այժմ նոր մարզիչ ունեն, փորձում են սովորել նրա փիլիսոփայությանն ու պահանջներին:
«Մրցաշրջանի սկիզբը դժվար էր, մենք հանդիպեցինք այնպիսի լավ թիմերի հետ, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», սակայն Պրեմիեր Լիգայում թույլ մրցակիցներ չկան: Սա ֆուտբոլ է: Մենք պետք է դրական տրամադրվենք, աշխատենք և արդյունքները կգան»,- ընդգծել է ֆուտբոլիստը: