Վիզաների ազատականացման հարցում մենք կանենք մեզնից կախվածը. Գերմանիայի կանցլեր
«Ակնկալում ենք, որ վիզաների ազատականացման հարցում ավելի մեծ առաջընթաց կունենանք, մենք կանենք մեզնից կախվածը»,- Երևանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է Գերմանիան պատրաստվում աջակցել Հայաստանին վիզաների ազատականացման հարցում:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» հարցը հետևյալն էր՝« Հայաստանի և Եվրամիության միջև Խոր և համապարփակ համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ ընձեռեց, սակայն շարունակվում է դեռ մնալ կասկածի տակ վիզաների ազատականացման հարցը: Դուք արդեն նշեցիք, որ Գերմանիան այս պրոցեսում կաջակցի Հայաստանին: Կցանկանայի հասկանալ՝ ինչպե՞ս»:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը իր պատասխանում մասնավորապես նշեց. «Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, որոնց հետ արդեն ունենք Ասոցացման համաձայնագրեր, արդեն իրականացվել է վիզաների ազատականացում: Դա սերտորեն կապված է միգրացիոն հարցերում համագործակցության հետ: Այդ համագործակցությունը կարևոր է, որպեսզի Հայաստանի համար ևս այս հարցում առաջընթաց ունենանք և որոշակի քայլեր ձեռնարկենք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց.«Մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի մեծ թվով մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ որպես գործընթաց, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն Հայաստանից արտագաղթը, այլ հայրենադարձությունը: Իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այս գործընթացը:
«Արմենիա» հեռուստաընկերությունը ևս հարց հնչեցրեց՝ «Տիկին կանցլեր, որքանով տեղյակ ենք, տեխնիկական մակարդակով շփումներ են եղել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև համագործակցություն ծավալելու շուրջ: Հնարավո՞ր է արդյոք ապագայում ավելի գործնական քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, և այդ համագործակցության համատեքստում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերակատարությունը»:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատասխանեց այսպես.«Հայաստանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցել Եվրամիության հետ: Այստեղ, իհարկե, հնարավորությունները շատ չեն: Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առևտրային գոտի է: Այդտեղ, իհարկե, կան շատ այլ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Ամենամոտ ապագայում, ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարելի է նաև նման բանի դիմել»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց.«Ուզում եմ ընդգծել հետևյալը. իհարկե, Եվրասիական տնտեսական միության տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանն ունի նաև Եվրամիության հետ առևտրի հատուկ ռեժիմ՝ GSP+ կոչվող համակարգը, որը հնարավորություններ է տալիս ընդլայնելու առևտրաշրջանառության ծավալները: Իմ ներածական խոսքում ասացի, որ մենք խնդիր ունենք մեր առևտրատնտեսական հարաբերություններում փոփոխություն մտցնել ոչ միայն ծավալի, այլև որակի իմաստով, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է հենց այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը»:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան պատրաստ է Արցախյան հակամարտության լուծման հարցում աջակցել Հայաստանին. Անգելա Մերկել
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է
- Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Մերկելին պետք է մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և վիզաների ազատականացման նպատակի մասին. վերլուծաբան
- Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան