Հայաստանի ՔԿՀ-ների պայմանները հեռու են մեր պատկերացումներից. Արտակ Զեյնալյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին և ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արտյոմ Մխոյանի և «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ շրջել են տարածքում, եղել հանձնուքների ընդունման կետում, ճաշարանում, համակարգչային սենյակում, մարզասրահում, վարսահարդարման սենյակում, բժշկական տեղամասում և դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին։
Նախարար Զեյնալյանին ու դեսպան Միլսին ներկայացվել է նաև «Կարմիր խաչ» միջազգային ընկերության օժանդակությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում պիլոտային եղանակով փորձարկվող տեսազանգի համակարգը, որից օգտվում են մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դատապարտյալները ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարևորել է դատապարտյալների պահման պայմանների բարելավմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումն ու այդ համատեքստում բարձր գնահատել միջազգային գործընկերների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից նշված խնդիրների լուծման համար իրականացվող ծրագրերը։
Նախարարն ընդգծել է, որ փոխվել է օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պետական քաղաքականությունը՝ պատժիչ համակարգից անցում է կատարվելու վերականգնողական արդարադատության համակարգի։
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պայմանները հեռու են մեր պատկերացումներից, սակայն Կառավարությունը վճռական է դրանք բարելավելու և ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցերում»,- նշել է նախարար Զեյնալյանը։
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ դատապարտյալների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանումը խիստ կարևոր է նրանց հետագա վերաինտեգրումը հասարակությանը դյուրացնելու համար, և «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական ծրագրերը գերազանց օրինակներ են, որ կարող են կիրառվել նաև Հայաստանի այլ ՔԿՀ-ներում:
«Ուրախ եմ տեսնել մեր երկու երկրների համագործակցության հաջողված արդյունքները քրեակատարողական բարեփոխումների ասպարեզում. Հայաստանի քրեակատարողական ծառայության աշխատակիցների վերջերս ԱՄՆ կատարած ուսումնաճանաչողական այցից հետո արդեն իսկ ներդրվել են նոր մոտեցումներ»,- ասել է դեսպանը։
«Աբովյան» ՔԿՀ կատարած այցի ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպան Միլսը եղել են նաև ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի կարի արտադրամասում, ինչպես նաև էներգախնայողության ծրագրերի շրջանակում կառուցված արևային ջրատաքացուցիչների տեղամասում։