Aerosmith-ը չի ցանկանում, որ իր երգերը հնչեն Թրամփի քաղաքական հանդիպումներին
Ամերիկյան Aerosmith հայտնի ռոք խմբի ղեկավար Սթիվեն Թեյլերը նամակ է ուղարկել Սպիտակ տուն՝ պահանջելով նախագահ Դոնալդ Թրամից իր քաղաքական միջոցառումների ժամանակ չօգտագործել խմբի երգերից։ Վեստի.ռու կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ ԱՄՆ առաջնորդը մի քանի անգամ է այդպես արել։
Նամակով երկրի ղեկավարին դիմելու համար առիթ է հանդիսացել օգոստոսի 21-ին Արևմտյան Վերջինիայում Թրամփի՝ ընտրողների հետ հանդիպումը։ Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել է 13,5 հազար մարդ։ Այդ երեկո նրանց համար հնչել է Aerosmith-ի 1993 թ. գրված «Livin' on the Edge» երգը։
Ս. Թեյլերի փաստաբանները պահանջել են Թրամփից իր հանդիպումների ժամանակ չօգտագործել խմբի երգերը, քանի որ մարդկանց մոտ կարող է «սխալ տպավորություն» ստեղծվել այն մասին, որ Aerosmith-ի երաժիշտներն աջակցում են ԱՄՆ ներկայիս նախագահի քաղաքականությունը։
2015 թվականին Aerosmith-ը դատի էր տվել Դոնալդ Թրամփին այն պատճառով, որ նա օգտագործել էր իրենց «Dream On» երգը նախընտրական քարոզարշավի ժամանակ։