Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած բալետի հայազգի պարուհին երազում է հանդես գալ Հայաստանում
«Վեց տարեկան էի, երբ հեռացանք Հայաստանից, բայց այն շարունակում է մնալ աշխարհի իմ ամենասիրելի անկյունը: Որտեղ էլ լինեմ, միշտ հպարտանում եմ իմ հայկական արմատներով: Պարել եմ աշխարհի ամենատարբեր քաղաքներում, բայց երբեք չի հաջողվել պարել Երևանում»:
Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երևանյան բեմում պարելու իր երազանքի մասին Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի հայտնի մենապարուհի Վիկտորյա Անանյանը պատմել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, նախարարի տեղակալներ Վահե Բուդումյանի ու Տիգրան Գալստյանի հետ հանդիպմանը:
Նա նաև ասել է, որ հնարավորության դեպքում մեծ ուրախությամբ հանդես կգար հայ հանդիսատեսի առաջ:
«Միշտ ունեցել եմ այդ ցանկությունը, բայց երբեք չի հաջողվել այն իրագործել: Հասկանում եմ, որ բալետային ամբողջ խմբով Հայաստանում հանդես գալը չափազանց ծախսատար է, գուցե հնարավոր է դա իրականացնել միայն բալետի իմ գործընկերոջ հետ»,-նշել է Վիկտորյա Անանյանը:
Մշակույթի նախարարի համոզմամբ, վերջին ձևաչափով Վիկտորյայի երևանյան ելույթը իրագործելի է:
Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի հայտնի մենապարուհին ծնվել է Երևանում՝ պրոֆեսիոնալ բալետ պարողների ընտանիքում: Ինչպես ինքն է ասում՝ բալետն իր արյան մեջ է, հայ խորհրդային բալետի արտիստ ու բալետմայստեր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Մուրադյանի թոռնուհին է: Մանկուց սովորել է տարբեր երկրների բալետային դպրոցներում, յուրացրել է ռուսական, եվրոպական ու ամերիկյան բալետի բոլոր ոճերը: Ապրել է Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում, ներկայում՝ Մոնակոյում:
Հոլանդահայ համայնքի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը 2800-ի առիթով Երևանին այսօր նվիրեց Գամփռ շան քանդակը՝ որպես Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Նախաձեռնության հեղինակներից է նաև Վիկտորյա Անանյանը, որը փորձում է օգտակար լինել հայրենիքին հնարավոր բոլոր միջոցներով