Մերկելին պետք է մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և վիզաների ազատականացման նպատակի մասին. վերլուծաբան
Տարածաշրջանային այցի շրջանակներում այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Որոշ փորձագետներ այս այցը պատահական չեն համարում և հակված են համարել առավելապես ճանաչողական՝ նշելով, որ գերմանացի բարձրաստիճան պաշտոնայն նպատակ ունի մոտիկից ծանոթանալ ՀՀ նոր իշխանություններին և հասկանալ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։
Թե ի՞նչ կարևորություն կարող է ունենալ Մերկելի այցը Հայաստանի համար, և նոր իշխանությունները ի՞նչ պետք է անեն՝ այցից առավելագույն շահ ստանալու համար, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ վերլուծաբան Թևան Պողոսյանի հետ:
«Հայաստանն ու Գերմանիան համագործակցում են տարբեր ոլորտներում՝ բիզնես, կրթություն, ռազմական գործ (մեր տղաներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում գերմանական ստորաբաժանման հրամանատարության ներքո)։ Այս ամենից զատ՝ Գերմանիան նաև ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Միաժամանակ չմոռանանք, որ գերմանական կառավարությունը մի շարք ծրագրերով՝ KfW-ով և այլն, միջազգային օժանդակություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը՝ բարեփոխումների նպատակով»,- թվարկեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանում գործունեություն ծավալող գերմանական ընկերությունների թիվն ավելանա, նրանց տրվաղ հնարավորությունները՝ մեծանան։
Թևան Պողոսյանը շեշտեց՝ Գերմանիան այսօր Եվրամիությնա գլխավոր լոկոմոտիվն է, և չպետք է հնարավորությունը բաց թողնել կանցլեր Անգելա Մերկելին մեկ անգամ ևս հիշեցնելու Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի, մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակի մասին։
«Բացի այդ՝ չմոռանանք, որ Գերմանիան Մինսկի խմբի անդամ է և փորձել է Արցախյան հիմնախնդրի հարցում մշտապես չեզոք դիրքերից հանդես գալ։ Իհարկե, վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ գերմանական ռամաարդյունաբերական մի ընկերություն փորձում է Ադրբեջանին զենք վաճառել։ Ահա այս հարցերը պետք է փորձենք այսօր բարձրաձայնել։ Հարցերի ցանկը մեծ է, և այդ բոլոր հարցերը պետք է բարձրաձայնել, քննարկել, հասկանալ և պայմանավորվել՝ հօգուտ Հայաստանի շահի։ Այն դրականը, որ ունենք, պետք է փորձենք ավելացնել, իսկ նոր համաձայնությունների շուրջ համագործակցությունը խորացնենք»,- նշեց վերլուծաբանը։
Թևան Պողոսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Միացյալ նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանել Հայաստանի անմիջական հարևան Իրանի նկատմամբ, մինչդեռ Եվրամիությունը չի պատրաստվում միանալ դրանց։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան մտահոգված է` Մերկելը Հայաստան այցի ընթացքում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան