Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկների պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին ու գերմանական պատվիրակությանը ՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար: Սա կանցլեր Մերկելի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, բայց նա մեր երկրում եղել է նաև ավելի վաղ:
«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա: Գերմանիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, բայց մեր համագործակցությունը հնարավորություն ունի շատ ավելի ընդլայնվելու տարբեր ոլոտներում և, իհարկե, չեմ կարող իմ գոհունակությունս չհայտնել Ձեր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և նաև այն քաղաքական աջակցության համար, որ զգում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ընթացքում, քանի որ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Կանցլեր Անգելա Մերկելն իր գոհունակություն ու շնորհակալությունն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար. «Սիրելի պարոն Սարգսյան: Ուրախ եմ հյուրընկալվելու Ձեր երկրում և ուրախ եմ մեր հանդիպման համար: Անցյալ տարի մեր երկրները նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մենք այսօր արդեն կարող ենք ամփոփել, որ մեր հարաբերությունները դրական են: Համամիտ եմ Ձեզ հետ այն առումով, որ մեր հարաբերություններն ունեն չօգտագործված ներուժ, և այն պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական և տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետևում ենք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերևս դժվարին, բայց կարևոր ճանապարհին»:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները տարբեր՝ մշակութային, կրթական և գիտական ուղղություններով խորացնելու հնարավորություններին:
Հարակից հրապարակումներ`
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է
- Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Մերկելին պետք է մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և վիզաների ազատականացման նպատակի մասին. վերլուծաբան
- Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան