Արցախում համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է
Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակն հանգիստ է: Բնակչության շրջանում համաճարակներ, բռնկումներ և զանգվածային թունավարակներ չեն գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Ըստ աղբյուրի, իմունականխարգելման ծրագրի իրականացման շնորհիվ չեն արձանագրվել հետևյալ կառավարելի վարակիչ հիվանդությունները՝ կարմրուկ, կարմրախտ, դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ:
10 տարուց ավելի չեն գրանցվել սիբիրյան խոցի, մալարիայի, հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի և պարատիֆի դեպքեր: Մանկական ոչ կառավարելի վարակիչ հիվանդություններից գրանցվել է ջրծաղկի և քութեշի հիվանդացության դեպքերի նվազում:
Գրանցվել են սուր աղիքային վարակներ` պայմանավորված չճշտված հարուցիչով:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 2018 թվականի առաջի կիսամյակում գրանցվել է ընդերային լեյշմանիոզի 11 դեպք: Քանի որ հանրապետության տարածքը հանդիսանում է ընդերային լեյշմանիոզի բնական օջախ շարունակական իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ: