Հայաստանն ակնկալում է չեխ գործարարների կողմից ուղղակի ներդրումներ երկրի տնտեսությունում. Արա Բաբլոյան
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Չեխիայի վարչապետին` խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից նրա ղեկավարած կառավարության հաստատվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը կարևորել է Չեխիայի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումը` վերահաստատելով Հայաստանի շահագրգռվածությունը քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և մարդկային շփումների ակտիվացման հարցում:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայ-չեխական համագործակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացել Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում:
Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Չեխիայի կառավարության` զարգացմանն ու վերափոխմանն ուղղված որոշ ծրագրերում Հայաստանին ընդգրկելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման համատեքստում Չեխիան Հայաստանին կընդգրկի թիրախային երկրների շարքում:
Խոսելով հայ-չեխական տնտեսական կապերի մասին` Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիների ընթացքում այդ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ` միաժամանակ նշելով, որ ներուժը դեռ սպառված չէ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է չեխ գործարարների կողմից ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության փոփոխությունից հետո արդեն իսկ նշանակված է տնտեսական հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմից համանախագահը և տարվում են հանձնաժողովի չորրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները:
Ողջունելով հայկական պատվիրակությանը` Չեխիայի վարչապետն անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների կարևորությանը: Անդրեյ Բաբիշը ներկայացրել է Չեխիայում ներքաղաքական դրությունը, գոհունակությամբ փաստել, որ երկրում արձանագրվում է կայուն տնտեսական աճ:
Չեխիայի վարչապետը տեղեկացրել է, որ Եվրոպական միությունում դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում, առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, ինչպես օրինակ փախստականների խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում