Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի
Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 5-ին կբացվի ճանաչված նկարիչ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական «Ակունք» ցուցահանդեսը:
Հովհաննես Զարդարյանը 20-րդ դարի այն նշանավոր վարպետներից է, որոնք հարստացրել են հայ գեղանկարչությունն իրենց գործերով: Պատկերասրահի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ այս ցուցահանդեսը Զարդարյանի ողջ ստեղծագործության տրամաբանական ամփոփումն է:
Ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են Ազգային պատկերասրահի և ընտանիքի հավաքածուների շուրջ 70 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ավելի քան կեսդարյան ստեղծագործական ուղի անցած նկարիչը կյանքի օրոք չի ունեցել անհատական ցուցահանդես հայրենիքում, սակայն մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցադրությունների, արվեստագետի աշխատանքները ներկայացվել են ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, արժանացել բարձր գնահատականների ու մրցանակների:
Հովհաննես Զարդարյանի նկարները պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Հովհաննես Զարդարյանը ծնվել է Կարսում 1918 թվականի հունվարի 8-ին: Եղեռնից մազապուրծ` Զարդարյանների ընտանիքը որոշ ժամանակ ապաստանել է Ռուսաստանում` Կրասնոդար քաղաքում, այնուհետև ապրել են Արմավիրում, իսկ հետո` հաստատվել Թիֆլիսում, որտեղ ապագա նկարիչն ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա ընդունվել տեղի Գեղարվեստի ակադեմիան: Այնուհետև նա տեղափոխվել է Երևան և 1933 թվականին ընդունվում Երևանի Գեղարվեստի ուսումնարանը` սովորելով Սեդրակ Առաքելյանի և Վահրամ Գայֆեճյանի ուսումնական արվեստանոցներում, որից հետո էլ 1937-1941 թվականներին սովորում Համառուսաստանյան Գեղարվեստական ակադեմիայում (ավելի ուշ` Լենինգրադի Ռեպինի անվան Գեղանկարչության, Քանդակագործության և Ճարտարապետության ինստիտուտ):
Զարդարյանը շրջագայել է ողջ Հայաստանում: Նա կյանքի վերջին տասնամյակներում հեռացել է Երևանից, ապրել և ստեղծագործել Բյուրականում, ուր աստղադիտարանի կողքին գտնվում է իր տուն-արվեստանոցը: Նա երկար տարիներ զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, դաստիարակել գեղանկարիչների շնորհալի մի քանի սերունդներ. 1951-1959 թվականներին դասավանդել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև գնացել է Բյուրական և որոշ ընդմիջումից հետո կրկին վերադարձել մանկավարժական գործունեությանը: 1969-1982 թվականներին ղեկավարել է ՀՀ Մանկավարժական ինստիտուտի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնը: Հովհաննես Զարդարյանը մահացել է Երևանում, 1992 թվականի հուլիսի 21-ին: