Գերմանիան կարող է մեսիջներ հղել Թուրքիային՝ զսպելու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը. Դավիթ Բաբայան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց՝ հակամարտությունների լուծումը կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է դրանք լուծել լավ մթնոլորտում։
Թե որքան զգալի կարող են լինել ԵՄ ամենազդեցիկ երկրի ջանքերն Արցախյան հարցի լուծման ուղղությամբ, և որքանով է Գերմանիան իրականում շահագրգիռ, որ Հարավային Կովկասում չլուծված հակամարտություններ չլինեն, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
Վերջինս նշեց, որ Գերմանիան, իսկապես, քաղաքական և տնտեսական մեծ ներուժ ունեցող երկիր է, բավականին սերտ կապեր ունի ոչ միայն եվրոպական, այլ նաև մեր տարածաշրջանի երկրներից Թուրքիայի հետ։
«Գերմանիան թեև Կովկասյան տարածաշրջանում առաջնային խաղացող չէ, սակայն կարևոր դերակատարություն կարող է ունենալ։ Ի տարբերություն մի շարք այլ երկրների, որոնք ավելի երկար պատմություն ունեն Կովկասյան աշխարհաքաղաքականության մեջ, եվրոպական այդ երկիրը մի փոքր ավելի կարճ պատմություն ունի։ Բայց դա կարևոր չէ։ Գերմանիան հատկապես տնտեսական հարթությունում կապեր ունի Ադրբեջանի, Թուրքիայի, նաև Վրաստանի հետ, և հնարավոր է, որ կարողանա մեսիջներ հղել Թուրքիային՝ զսպելու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը»,- նշեց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանի խոսքով, Գերմանիայում թուրքական գործոնն, իհարկե, բավական ակտիվ է, ինչն էլ որոշակիորեն սահմանափակում է այդ երկր գործողությունները, սակայն մեծ ցանկության դեպքում պաշտոնական Բեռլինը կարող է Թուրքիայի, հետևաբար նաև եղբայրակից Ադրբեջանի վրա լուրջ ազդցություն գործել։
«Գերմանիային ձեռնտու չէ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմ լինի՝ նախևառաջ սեփական շահերից ելնելով։ Երկարատև, լայնածավալ պատերազմի ընթացքում չի բացառվում, որ մեծ թվով փախստականներ ուղևորվեն եվրոպական այդ երկիր։ Իսկ Գերանիան այս պահի դրությամբ միգրացիոն ճգնաժամի առջև է կանգնած։ Մյուս կողմից լայնածավալ պատերազմը ձեռնտու չէ տնտեսկան առումով։ Գերմանիան ներգրաված է տարածաշրջանային մի շարք ծրագրերում»,-ամփոփց Դավիթ Բաբայանը։