Բունդեսթագի պատգամավորն այցելել է Զանգեզուրի պղնձակոմբինատ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով օգոստոսի 25-ին կոմբինատ էր այցելել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Ի դեպ, այդ պատվիրակության կազմում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետեր, «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին: Այս մասին հայտնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ուղեկցությամբ գերմանացի պատգամավորը շրջայց կատարեց ձեռնարկության տարածքում, ծանոթացավ ընկերության աշխատանքին և իրականացվող ծրագրերին:
Նշենք, որ պաշտոնական Բաքվի որոշմամբ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան արգելվել է: Վերջինս հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատրաստած՝ Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակում: Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Ալբերտ Վայլերը նշեց, որ այս հանգամանքը իր ազդեցությունն է ունենալու գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին