Ինչու են Մերկելին Վրաստանից ճանապարհել առանց «կարմիր գորգի»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով պաշտոնական այցով Վրաստանում էր, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ճանապարհել են առանց կարմիր գորգի։ Գրուզիա-օնլայնը գրում է, որ բարձրաստիճան հյուրին ուղեկցում էր վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Նրանց միջև խոսակցությունը ձայնագրվել է.
Մերկել-Այս անգամ մենք չունենք կարմիր գորգ։
Բախտաձե-Այո։
Մերկել-Որովհետև ... (ցույց է տալիս ինքնաթիռը)։
Բախտաձե-Այո, արարողակարգից ինձ ասացին։
Մերկել-Ծիծաղելի է։
Սկզբում որոշ ԶԼՄ-ներ Մերկելի ակնարկը որպես հարց էին դիտարկել. ինչո՞ւ չկա կարմիր գորգ։ Բայց Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ գորգը չի գցվել հենց գերմանական պատվիրակության խնդրանքով։ Քանի որ ինքնաթիռի շարժիչն արդեն գործարկվել էր, անվտանգության նկատառումներից ելնելով արարողակարգային պրակտիկայից որոշել են հրաժարվել։ Արդյունքում միայն պատվո պահակախումբն է եղել։
Օգոստոսի 23-ին Մերկելին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է երկրի արտգործնախարարը։ Այդ ժամանակ եղել է և պատվո պահակախումբ, և կարմիր գորգ։