Գյուղերում բնակարան կառուցելու հայտերը շուտով կբավարարվեն. Արցախի պետնախարար
Արցախի տնտեսության զարգացման արդյունքները շարունակում են բարձր մնալ, իսկ առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 16.4 տոկոս։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ Հադրութի շրջանի «Նոր կյանք» հանգստի գոտում Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը։
Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հաջողություններ են արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր առաջատար ուղղություններում, իսկ առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որ հարկային բեռի էական իջեցման ու վարչարարության թեթևացման միջոցով խթանվի փոքր ձեռնարկատերերի և ինքնազբաղվածների գործունեությունը։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատասխանելով երիտասարդներից մեկի այն հարցին, թե երբ կվերսկսվի գյուղական բնակավայրերում բնակարան կառուցելու համար կառավարության կողմից տրվող մինչև երեք միլիոն դրամ անհատույց դրամաշնորհների՝ արդեն տևական ժամանակ չգործող ծրագիրը՝ Գ. Մարտիրոսյանը հայտարարել է, որ մինչև 2017 թ.-ը «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ընդունված բոլոր հայտերը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամբողջությամբ կտրամադրվեն, ինչը հետագայում շարունակական կլինի։