Հանդիպել են Արա Բաբլոյանը և Նիկոլ Փաշինյանը
Այսօր կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.
Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի և տարբերվող կարծիքի ազատության իրավունք։
Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարևորագույն երաշխիք է, հետևաբար օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որևէ կերպ չպետք է խաթարվի։
Արդարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության և համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով և միևնույն ժամանակ որևէ կերպ չվնասի արդարադատությանը:
ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որևէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում և թե հանրային լայն շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին