Գարգառի բրենդը. Բրոկոլիի արտադրության նոր հասցեն
Մի քանի տարի առաջ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ բրոկոլին դառնալու է Գարգառի բրենդը: Գարգառը Լոռու մարզի այն համայնքներից է, որտեղ զբաղվում են ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ:
Արմինե Մուրադյանը բնակվում է Գարգառում: 2005 թվականին համագյուղացի 5 կանանց հետ սկսել են օրգանական եղանակով դեղաբույսեր մշակել, իսկ հետո զբաղվել բրոկոլիի, արմատային նեխուրի, կաղամբազգիների տարբեր տեսակների, ծնեբեկի աճեցմամբ:
Խումբն աստիճանաբար ընդալայնվել է և համագյուղացի մի խումբ կին ֆերմերների հետ միասին ձևավորել են «Ապագան մերն է» անունը կրող կոոպերատիվը. նախագահը Արմինե Մուրադյանն է:
Panorama.am-ի հետ զրույցում Արմինե Մուրադյանը մեծ ոգևորությամբ պատմում է իրենց կոոպերատիվի, միասին հաշտ ու համերաշխ աշխատող կանանց խմբի մասին:
Հիշում է, թե տարիներ շարունակ ինչ դժվարությունների միջով են անցել ջերմոց չունենալու պատճառով, քանի որ ջերմոցի առկայությունը խիստ կարևոր էր՝ հաշվի առնելով Լոռվա մարզի անձրևոտ և համեմատաբար ցուրտ կլիման:
2015 թ-ին «Ապագան մերն է» կոոպերատիվը դիմել է Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD ծրագրին, որի աջակցությամբ ջերմոց են ձեռք բերել: Արդյունքում, ջերմոցային պայմաններում ստացված բրոկոլիի սածիլները ոչ միայն կարողանում են ճիշտ ժամանակին տեղափոխել դաշտ, այլև՝ սերմեր և սածիլներ մատակարարել ֆերմերներին:
«Վերջին տարիներին շեշտը դրել ենք բրոկոլիի արտադրության վրա: Պատահական չէ, որ հենց բրոկոլի են ասում, այն ասոցացվում է Գարգառ գյուղի հետ»,- ասում է «Ապագան մերն է» կոոպերատիվի նախագահը:
Նրա խոսքով՝ բրոկոլին և այլ մշակաբույսերը վաճառում են Երևանում, Վանաձորում, Ստեփանավանում: Այնուամենայնիվ, իրացման խնդիր ունեն, թեև,մասամբ համացանցի, բարեկամների և այլ կազմակերպությունների միջոցով կարողանում են արտադրանքի որոշ մասը վաճառել: «Եթե կոնկրետ կազմակերպություն լինի, որը մեզ կաջակցի իրացման հարցում, դա զգալի կհեշտացնի մեր գործը»,- նշում է տիկին Արմինեն և հավելում, որ 2017 թվականին արտադրել են 5-6 տոննա բրոկոլի, որի մի մասն են կարողացել իրացնել:
Այս տարի եղանակը բարենպաստ չէ գյուղատնտեսության համար և բրոկոլիի արտադրությունը նվազել է. «Այս պահին նույնիսկ գնորդ ունենք, բայց պետք է սպասենք մինչև բրոկոլին հասունանա: Ոռոգման ջրի խնդիր ևս ունենք, հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա էլ կլուծվի»:
Չնայած խնդիրներին կանայք չեն հուսահատվում, հակառակը, փորձում են առաջ նայել: Գարգառցի կանայք որոշել են մշակուբույսերի աճեցմամբ չսահմանափակվել: Արմինեն ասում է, որ մեծ ցանկություն ունեն վիտամիններով հարուստ բրոկոլին օգտագործել մանկական սննդի արտադրության մեջ. «Թե որքանով կհաջողվի, չեմ կարող ասել, բայց դա մեր երազանքներից մեկն է»:
Արմինեն ապրում է ամուսնու, սկեսուրի, երկու որդիների, հարսի և թոռնիկի հետ: Խոստովանում է, որ հաջողության հասել է նաև ընտանիքի աջակցությամբ: «Եթե ընտանիքդ թիկունքիդ չլինի, ոչ մի բանի չես կարող հասնել»,- նշում է Արմինեն ու հավելում, որ երբեմն մտածել է երկրից դուրս գալու մասին, բայց հասկացել է՝ ամենալավ տեղն իր տուն է, իր գյուղն է, իր հայրենիքն է, որտեղ էլ աշխատի, կարող է ապրել:
Լուսանկարները՝ ENPARD-Armenia-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան