Եկամտային հարկի նվազման դեպքում ստվերային աշխատողների թիվը կկրճատվի. տնտեսագետ
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների գործընթաց: Դեռ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, ինչի արդյունքում նվազելու է եկամտային հարկը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եկամտային հարկի նվազեցման տարբեր սցենարներ են քննարկվում:
Նշենք, որ եկամտահարկի նոր դրույքաչափերը ուժի մեջ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից: Դրանից առաջ ամսական մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը կազմում էր 24.4 տոկոս, 120 հազարից մինչև 2 միլիոնի դեպքում՝ 26 տոկոս: Տարեսկզբից ուժի մեջ մտած եկամտահարկի նոր դրույքաչափերի համաձայն՝ 120 հազարի շեմը բարձրացվել է 150 հազարի, արդյունքում մինչև 150 հազար ստացողները վճարում են 23 տոկոս եկամտային հարկ, 150 հազարից մինչև 2 միլիոն ստացողների եկամտահարկը 26 տոկոսից դարձել է 28 տոկոսի, իսկ ամսական 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում եկամտահարկը մնաց նույնը՝ 36 տոկոս:
Նշենք, որ դրանից հետո էլ նախկին կառավարությունը նախատեսում էր վերանայել եկամտահարկի դրույքաչափերը վերանայել:
Panorama. am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ հաշվին է նվազելու եկամտային հարկը, և ինչպե՞ս այն կանդրադառնա բյուջեի մուտքերի վրա:
Տնտեսագետի խոսքով՝ ներկայումս գործատուների մի մասը ստվերում է աշխատում և չի գրանցում աշխատողներին , քանի որ հենց եկամտահարկի բարձր լինելն է պատճառ դառնում ստվերային աշխատողներ ունենալու համար:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ այս փոփոխությունների էությունը կայանում է աշխատուժի ստվերային շրջանառությունը կրճատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մեջ: «Եկամտային հարկի դրույքաչափերի նվազման դեպքում ստվերային աշխատողների թիվը կկրճատվի : Հատկապես, խոսքը վերաբերում է միջին եկամտային խմբերին: Բնականաբար, դա կարող է ավելացնել հարկային բազան, այսինքն՝ չհաշվառված աշխատողների աշխատավարձերը լեգալացնելով, կարող են ավելացնել բյուջեի մուտքերը»,- ասաց տնտեսագետը:
Այնուամենայնիվ, եթե բյուջեն որոշակի կորուստներ ունենա, ապա, ըստ Ատոմ Մարգարյանի, խոսակցություններ կան, որ այլ հարկատեսակների հաշվին հնարավոր է մուտքերն ապահովել, մասնավորապես, ԱԱՀ-ի, շրջանառության հարկով:
Տնտեսագետը համոզված է, որ եկամտային հարկի իջեցմանը զուգահեռ փոքր և միջին բիզնեսը դուրս կգա ստվերից: «Եթե աշխատանքային պայմանագիր չեն կնքում և ստվերում է աշխատավարձը վճարվում, այդտեղ առաջին հերթին տուժում է հենց աշխատողը, քանի որ նա չի կարողանում օգտվել օրենքով սահմանված իրավունքներից»,- ասաց Ատոմ Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը. վարչապետ
- Հայաստանի տնտեսությունում պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունենում. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան