Շառլ Ազնավուրը ծրագրում է իր հարյուրամյակին համերգով հանդես գալ
94-ամյա շանսոնյե, կոմպոզիտոր, պոետ, գրող և ուղղակի լեգենդար հայ Շառլ Ազնավուրը չի հոգնում զարմացնել հանդիսատեսին նույնիսկ այդ տարիքում։ Նա շարունակում է ամբողջ աշխարհով իր համերգային շրջագայությունը, գրում է երգեր, դաստիարակում է թոռներին և ապրում լիարժեք կյանքով։ Maxim կայքին տված հարցազրուցում նա ասել է, որ նախատեսում է 2024 թվականի մայիսի 22-ին՝ իր հարյուրամյակի օրը, համերգով հանդես գալ։
Հարցին, թե դուք արդեն 94 տարեկան եք, չե՞ք մտածում համերգային գործունեությունը դադարեցնելու մասին, շանսոնյեն ասել է. «Դե, ոչ։ Ես ծրագրում եմ 2024 թվականի մայիսի 22-ին՝ իմ հարյուրամյակի օրը, համերգ տալ։ Իսկ հետո՝ տեսնենք։ Եվ ինչո՞ւ դադարեցնեմ։ Որպեսզի մահանամ տանը՝ նստած բազկաթոռի՞ն։ Ոչ, մերսի»։
Նա նաև կիսվել է այդ տարիքում «ֆորմայում» լինելու իր գաղտնիքով՝ նշելով, որ լողով է զբաղվում, միշտ ուտում է ափսեում եղած ուտելիքի կեսը, արդեն 40 տարի է չի ծխում, չի խմում թունդ ալկոհոլային խմիչքներ, միայն գինի և շանպայն։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք կարողացել կես դարից ավելի ապրել նույն կնոջ հետ (արդեն 51 տարի ամուսնացած է Ուլլա Տորսելի հետ), Շառլ Ազնավուրն ասել է. «Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի, երկրորդ անգամ՝ շատ հիմար էի։ Երրորդ անգամ վերջապես ամուսնացա այն կնոջ հետ, ում մասին մշտապես երազել եմ՝ բաց գույնի աչքերով, մետաքսյա մաշկով շիկահերի հետ։ Բացի այդ, Ուլլան ինձանից երիտասարդ է 17 տարով։ Կարծում եմ՝ տարիքային հիանալի տարբերություն է։ Ընդհանուր առմամբ, երկարատև ամուսնության գաղտնիքն է՝ միմյանց կողքին առավել բնական պահել և միշտ միմյանց ասել այն, ինչ ցանկանում եք ասել։ Չնայած հիմա ես բոլորին եմ ասում ճշմարտությունը։ Իմ այս տարիքում կարող եմ ինձ թույլ տալ»։
Հարցին, թե երբ գրում եք սիրո մասին երգեր, կոնկերտ կնոջ մասին եք գրո՞ւմ, շանսոնյեն մասնավորապես ասել է. «Ես երբեք չեմ գրում երգ որևէ կոնկրետ կնոջ համար։ Ընդհանրապես, սիրային երգերի ժանրն ինձ զայրացնում է։ Ես կնախընտրեմ, որպեսզի ինձ հիշեն ոչ թե որպես սիրային երգերի, այլ խելացի երգերի հեղինակ»։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ եք ունեցել Էդիտ Պիաֆի հետ, Շառլ Ազնավուրն ասել է. «Էդիտն ընդհանրապես ինձ դուր եկող կանանց տիպին չի պատկանում, այդ իսկ պատճառով բացառապես ընկերական։ Մեզ մոտ այն էր, ինչ ֆրանսերեն ասում են՝ une amitié amoureuse, այսինքն՝ սիրային ընկերություն։ Դա այն է, երբ միմյանց նրբորեն են վերաբերվում, նույն բանն է դուր գալիս, կարող են գրկախառնվել և համբուրվել։ Բայց այդքանով՝ վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը կվերսկսի համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին
- «Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան». Նախագահի շնորհավորական ուղերձը՝ Շառլ Ազնավուրին
- «Երբեք չեմ սիրել պարտվել». Շառլ Ազնավուրն 94 տարեկան է
- Շառլ Ազնավուր. Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը
- Շառլ Ազնավուրը արժանացել է Ծագող արևի շքանշանին
- Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է նրա մասնակցությամբ ֆիլմից
- Ազնավուրը ստացել է «Քրիստիան» մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար
- Կուզեի երգել ու ծերանալ՝ ինչպես Ազնավուրը. Սթինգ
- Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան