Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում իրավունքների պաշտպանության նպատակով
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաև ապահովել բանավոր և գրավոր բողոքների պատշաճ քննարկումը: Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաև իրավական խորհրդատվության և քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև արագ արձագանքման այցերի համար:
«Բողոքների և հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների և դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:
Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել իրավասու մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Աշխատանքային խմբին հանձնարարված է նաև ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ:
Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության, հրապարակայնության ու թափանցիկության և Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա»,- ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների 5 քմ-ն գերազանցող գովազդային վահանակների ցանկը
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին