ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ թեկնածու չեն առաջադրում, ԱԺ փոխխոսնակը նշեց, որ չի կարող պատճառների մասին խոսել, կուսակցությունն է այդպես որոշել:
«Միգուցե այսօր ավելի կարևոր հարցեր կան Հայաստանի քաղաքական դաշտում, քան ՏԻՄ ընտրություններն են, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ակտիվ մասնակցի բոլոր ընտրություններին»,- ասաց նա՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է և միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինում:
Դիտարկմանը, երբ իրենց կուսակցությունն էր իշխանություն, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, էդուարդ Շարմազանովը նշեց, որ քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են իրենց կարծիքը փոխել:
Նա միաժամանակ նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի չմասնակցելը միգուցե պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Նախ և առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին մասնակցությանը` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ երբ ընտրությունների օրը կորոշվի, այդ ժամանակ կպատասխանի: Նա միաժամանակ նշեց, որ եթե կուսակցությունը ԱԺ ընտրություններին չի մասնակցում, ապա այդ կուսակցությունը պետք է մի մեծ կողպեք դնի դռան վրա և գրի՝ «Փակված է»:
«Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն ստեղծվել է նրա համար, որ թեկուզ իշխանափոխությունից հետո չմասնակցի Ազգային ժողովի ընտրություններին: Իմ խորին համոզմամբ, ՀՀԿ-ն դեռ շատ լուրջ ասելիք ունի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին